11:32 | 17.03.16 | Նորություններ | 3648

Զեկույց. ՀՀ ուսանողների թիվը չի բավարարում ՏՏ մասնագետների պահանջարկը

2014-2015 թթ. ուսումնական տարում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտացումներով սովորող ուսանողների ընդհանուր թիվը կազմել է 9352, որը կազմում է ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների ընդհանուր թվի 11.71%-ը:

Այս մասին տեղեկանում ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Հայաստանում տեղեկատվական եվ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն» զեկույցից, որն ամփոփում է 2015 թվականը:

ՏՀՏ-ին առնչվող մասնագիտություններ առաջարկող ԲՈՒՀ-երի դասախոսների մեծ մասն աշխատում է Երեւանի պետական համալսարանում եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ): Ընդհանուր առմամբ, վեց առաջատար ԲՈՒՀ-երում դասավանդում է 1098 մասնագետ:

Զեկույցի համաձայն՝ 2014-2015 թթ. Հայաստանում ՏՏ մասնագիտություններ առաջարկող ԲՈՒՀ-երում սովորել է 9352 ուսանող, որոնցից 5153-ը` վերը նշված վեց հիմնական ԲՈՒՀ-երում: Այդ ուսանողներից մոտ 61.2%-ը սովորում է ԵՊՀ-ում եւ ՀԱՊՀ-ում:



Հայաստանում սովորող օտարերկրացի ուսանողները, որոնց թիվն անընդհատ աճում է, հիմնականում ԱՊՀ-ից են, Մերձավոր Արեւելքից եւ Եվրոպայից: Վերջին 3-6 տարիների ընթացքում ուսանողների առաջադիմությունը բարձրացել է, իսկ ՏՏ մասնագիտացումներ ունեցող ֆակուլտետներ ընդունվելը բավականին բարդացել՝ հատկապես ԵՊՀ-ում եւ ՀԱՊՀ-ում: 

Համակարգչային գիտությունը, կիրառական մաթեմատիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ տեղեկատվական համակարգերի անվտանգությունը, ինչպես նաեւ ավտոմատ հսկիչ համակարգերն ու միկրոէլեկտրոնիկան ամենատարածված մասնագիտացումներն են դիմորդների շրջանում:

«Ընդհանուր առմամբ, ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները համարում են, որ ուսանողների ներկա թիվը չի բավարարում ոլորտի տեխնիկական մասնագետների պահանջարկը, որը միջինում կազմում է 2000 մարդ: Նրանք մատնանշում են նաեւ, որ որոշ շրջանավարտների որակավորման մակարդակը չի համապատասխանում ոլորտի պահանջներին, եւ շատերին անհրաժեշտ է անցնել լրացուցիչ աշխատանքային վերապատրաստում անհրաժեշտ որակավորում ստանալու եւ լրիվ դրույքով աշխատատեղեր զբաղեցնելու համար»,- ասված է զեկույցում: