11:06 | 03.12.15 | Նորություններ | 2244

Որտե՞ղ ստարտափ սկսել. թոփ 10 քաղաքները

Forbes պարբերականը հրապարակել է The Brighton School of Business and Management-ի վերջերս պատրաստած վարկանիշը, որտեղ նշվում են աշխարհի այն 10 քաղաքները, որոնք ամենահարմարն են ստարտափ սկսելու համար:

Դժբախտաբար, Երեւանն այս ցանկում ներկայացված չէ: Այնուամենայնիվ, փորձենք պարզել, թե որոնք են ստարտափ սկսելու համար ամենաբարենպաստ քաղաքները:

Վարկանիշի վերլուծման հարցում Forbes-ին օգնել է Seedstars World-ի ստարտափների մրցույթի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ալիզ դե Տունակը, որի հետ Itel.amզրուցել էր այս տարվա մայիսին:

Պեկին

Չինաստանում երիտասարդության կյանքը խստորեն կառավարվում է ծնողների կողմից, հետեւաբար ավանդական մասնագիտությունները դեռ մեծ արժեք են ներկայացնում:

Չնայած դրան՝ իրադրությունն արագ փոփոխվում է, եւ հաջողված ստարտափ պատմությունների քանակի ավելացմանը զուգահեռ ձեռնարկատիրությունը դառնում է կարիերայի ցանկալի ուղի:

Հատկանշական է, որ ներկայում Չինաստանը սկսել է մեծ ուշադրություն դարձնել ավելի լայն հնարավորություններով եւ շահութաբեր արդյունաբերությանը: Այնպես որ Made in China-ն այլեւս չի նշանակում էժան եւ անորակ:

Կուալա Լամպուր

Մալայզիայի մայրաքաղաքն ապրելու տեսանկյունից շատ ավելի էժան է, քան Սինգապուրը: Այնպես որ շատ ստարտափներ, որոնք գործում են Մալազիայում, սերտորեն կապված են Սինգապուրի հետ, որտեղ էլ գործում են բազմաթիվ հասարակական եւ մասնավոր կառույցներ, որոնք ստարտափներում ներդրում են կատարում:

Ստարտափները նախընտրում են Մալազիան նաեւ այն պատճառով, որ այն թեստավորման լավ շուկա է (շատ ավելի մեծ, քան Սինգապուրը): Բազմամշակութային այս շուկայում գործունեություն ծավալելով՝ կարելի է լավ պատկերացում ստանալ այնպիսի պոտենցիալ շուկաների մասին, ինչպիսիք են չինականը, ինդոնեզականը եւ հնդկականը:

Վարշավա

Լեհաստանն այս ոլորտում համարվում է շատ ավելի զարգացած, քան Չեխիան եւ Սլովիական, քանի որ այն ունի ավելի մեծ ներքին շուկա եւ ավելի հզոր ձեռնարկատիրական անցյալ: 

Քաղաքը հրապուրում է աշխարհի թոփ տեխնո ընկերություններին, օրինակ՝ Google-ին, որը մինչեւ տարեվերջ Լեհաստանում կենտրոն կբացի:

Նկատելի է նաեւ կառավարության աջակցությունը: Ստարտափների համար նախատեսված Bitspiration անունով լեհական ամենամեծ եւ մոդեռն կոնֆերանսը հենց Վարշավայում է անցկացվում:

Վարշավայից բացի, երկրի մյուս կարեւոր տեխնո կենտրոններն են Կրակովը, Գդանսկը եւ Վրոցլավը: 

Մոսկվա

Որակյալ ինժեներեների խորհրդային մեծ ժառանգության շնորհիվ այստեղ մեծ է նաեւ ՏՏ սարքավորումների արդյունաբերությունը: 

Դժբախատաբար, քաղաքական լարվածության եւ արժույթի արժեզրկման հետեւանքով տեղի է ունեցել ուղեղների արտահոսք, եւ շատ ձեռնարկատերեր ստիպված էին լքել երկիրը՝ տեղափոխվելով Սիլիկոնյան հովիտ, Ասիա եւ Եվրոպա:

Հարեւանների հետ համեմատ՝ այստեղ էկոհամակարգը ամենահասունն է՝ թե ստարտափների, թե ներդրողների տեսանկյունից (չնայած դրան՝ վենչուրային ֆոնդերի թիվը դեռ բավական չէ), եւ կարող եք օրական ՏՏ մի քանի իրադարձություն գտնել:

Բանգալոր

Հնդկաստանում ձեռնարկատիրությունը ծաղկում է, հատկապես Բանգալորում, Մումբայում, Նյու Դելիում եւ Չեննայում: 

Շուկան վիթխարի է, իսկ ամեն տարի համալսարանն ավարտող ինժեներների թիվը՝ տպավորիչ: Ավանդաբար, Բանգալորի ստարտափ միջավայրն ավելի կենտրոնացած է ինժեներության եւ տեխնիկական զարգացման վրա, եւ այստեղ գործող ստարտափները պայքարում են լավ բիզնես զարգացման եւ դիզայնի ոլորտում գործընկերներ գտնելու ուղղությամբ:

Բանգալորում շաբաթական առնվազն 10 ստարտափ միջոցառում է տեղի ունենում՝ սկսած Դեմո օրերից մինչեւ հաքաթոններ, ստարտափ հանդիպումներ, կոնֆերանսներ եւ մրցույթներ: Այդ իրադարձություններից շատերը կազմակերպվում են կորպորացիաների կողմից:

Սիդնեյ

Սիդնեյում ձեռնարկատերերը հարգված են, սակայն հրապուրիչ է շարունակում մնալ կորպորատիվ գործունեությունը: Տեսնում ենք մեծ թվով ստարտափներ, որոնք կենտրոնացած են լոկալ շուկայի վրա, սակայն մտածողության փոփոխություն եւս նկատվում է. նրանք սկսում են ավելի գլոբալ մտածել:

Սիդնեյի էկոհամակարգը արագ զարգացում է ապրում: 

Թունիս

Այս երկրում ստարտափ էկոհամակարգը բավական երիտասարդ է՝ ֆինանսական ներդրումները եւ մենթորությունն էլ նոր-նոր են սկսում զարգանալ: «Արաբական գարունը» շրջադարձային եղավ բնակչության ձեռնակատիրական մտածելակերպի համար. կենտրոնացում նկատվեց հատկապես քաղաքացիական ձեռնարկատիրության վրա: 

Այստեղ ստարտափներն օգտագործում եւ ստեղծում են գործիքներ, որոնք կարող են մոբիլիզացնել մարդկանց՝ նրանց ներառելով քաղաքական քննարկումներում:
 
Լոնդոն

2015թ. առաջին եռամսյակում ներդրողները ռեկորդային՝ £459 մլն-ի վենչուրային միջոցներ ուղղեցին Լոնդոնի թվային հատվածի ֆինանսավորման համար, որը 66%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Տեխնոլոգիաներն այսօր համարվում են այն անհրաժեշտ «արյունը», որը կնպաստի Բրիտանիայի տնտեսական ապաքինմանը:

Կահիրե

Երիտասարդ, կրթված երիտասարդները Եգիպտոսում «շեղվում» են դեպի ստարտափ գործունեություն: Չնայած մարտահրավերներին՝ ձեռնարկատերերը նոր ճանապարհներ են գտնում:

Կահիրեն ունի պրոֆեսիոնալ ինժեներ մասնագետներ, ինչը պայմանավորված է այնտեղ գործող բարձրորակ համալսարաններով:

Սոֆիա

Ոչ բոլորը գիտեն, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան ունի եկամտահարկի ամենացածր դրույքաչափերից մեկը՝ 10%: Իսկ ինտերնետն այնտեղ աշխարհում ամենաարագներից է: 

Սոֆիան դարձել է տարածաշրջանային հզոր կենտրոն եւ հրապուրում է թոփ ձեռնարկատերերին: