09:07 | 04.04.15 | Հոդվածներ | exclusive 3438

Մոբայլ գեյմինգը Հայաստանում. Underwater Apps

Itel.amշարունակում է բացահայտել հայկական մոբայլ գեյմինգի առանձնահատկությունները՝ հայկական ընկերությունների փորձով:

Underwater Apps հայաստանյան ընկերությունը վերջին երկու տարիների ընթացքում մշակել է 20 մոբայլ խաղ, որոնց ներբեռնումների ընդհանուր թիվը գերազանցում է 7 մլն-ը: Ընկերության համահիմնադիրներն են Ավետիս Զաքարյանը եւ Գեւորգ Կոպալյանը, թիմը բաղկացած է 8 հոգուց:

Itel.am-ի հետ զրույցում Ավետիս Զաքարյանը պատմում է, որ ամենասկզբում երկու ընկերներով մոբայլ խաղ են պատրաստել եւ տեղադրել այն օնլայն հարթակներում: Տեսնելով, որ խաղը բավական ներբեռնումներ է հավաքում, որոշել են մոբայլ գեյմինգը վերածել եկամտաբեր բիզնեսի:

«UnderwaterApps-ը ստեղծվեց շուրջ երկու տարի առաջ: Արդեն 20 խաղ ունենք, քանի որ արագ եւ փոքր խաղեր մշակելու ռազմավարությամբ էինք առաջնորդվում: Մեզ համար դա ավելի շատ ուսուցողական փորձ էր, քանի որ սովորում էինք սեփական սխալների վրա: Ընդհանրապես, փորձում ենք մեկ խաղի վրա չծախսել մեկ ու կես ամսից ավելի ժամանակ: Եթե գործընթացն ավելի երկար է տեւում, ապա հավանաբար ինչ-որ բան այնպես չենք արել: Այդ դեպքում դադար ենք տալիս եւ փորձում հասկանալ, թե արդյոք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,- պատմում է Ավետիս Զաքարյանը: 

UnderwaterApps-ի թիրախային շուկան ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Իսպանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Պրոդուկտի զարգացումը, մարքեթինգը եւ մյուս բոլոր գործընթացներն իրականացվում են ընկերության երեւանյան գրասենյակում:

Անդրադառնալով խաղի ստեղծման առանձնահատկություններին՝ Ավետիս Զաքարյանը նշում է, որ ամենադժվարը թեստավորման փուլն է, քանի որ այդ ընթացքում հնարավոր է պարզվի, որ ինչ-որ բան ընթացքում սխալ է արվել:

«Մշակման գործընթացում երբեք չգիտես, թե արդյոք խաղն ունենալու է այն վերջնական տեսքը, որը դու պատկերացնում էիր ամենասկզբում»,- ասում է նա: 

Ինչ վերաբերում է ներդրողներին, ապա Ավետիս Զաքարյանի խոսքով, աշխատում են սեփական միջոցներով եւ այլ ներդրողներ երբեք չեն ունեցել:  

«Խաղերն անվճար են, եկամուտն առաջանում է դրանցում տեղադրվող գովազդից: Միաժամանակ, փորձում ենք այնպես անել, որ գովազդը չհոգնեցնի եւ չհիասթափեցնի: Այդ պատճառով էլ, օրինակ, գովազդի կարելի է հանդիպել խաղի փուլերից (level) մեկում պարտվելու դեպքում»,- պարզաբանում է նա:

UnderwaterApps-ի համահիմնադիրը կարծում է, որ Հայաստանում մոբայլ գեյմինգն աշխատում է զուտ իր հնարավորությունների եւ կրեատիվության շնորհիվ:

«Եթե ինչ-որ ընկերություն այստեղ հաջողության է հասնում, ապա դա անում է իր անձնական հնարավորությունների շնորհիվ: Իսկ եթե ինչ-որ բան չի ստացվում, ապա այդ ընկերությունն է ինչ-որ բան սխալ անում: Այնպես որ աշխարհագրական դիրքն այս ոլորտի ընկերությունների գործունեության հետ ընդհանրապես կապ չունի, եւ Հայաստանում էլ հնարավոր է ամեն ինչ իրականացնել, եթե կա ցանկություն»,- ընդգծում է Ավետիս Զաքարյանը:

Underwater Apps-ի 3 հիմնական խաղերը՝ ըստ Itel.am

Tapventures. Հասանելի է Google Play-ում եւ App Store-ում: Խաղում ես հրեշների դեմ, որոնց հաղթելով աստիճանաբար հզորանում ես: Սակայն միաժամանակ, հզորանում են հրեշները, եւ հավերժ պայքարը շարունակվում է: Խաղը ստեղծվել է մեկ ու կես ամիս առաջ: Android-ի համար նախատեսված տարբերակն արդեն կես միլիոն ներբեռում ունի:

FruitCandy. Թողարկվել է 8 ամիս առաջ, երբ Candy Crush Saga խաղը մեծ ճանաչում ուներ: Puzzle ոճի խաղ է: Տարբեր գույների մրգերն ու կոնֆետները պետք է այնպես դասավորել, որ ճիշտ գույնի մրգի հյութը հոսի դեպի ճիշտ կոնֆետ: Խաղը հասանելի է Google Play-ում:

Postman Adventures. Խաղը ստեղծվել է 2013թ. վերջին: Այն փոքրիկ քաղաքի մասին է, որտեղ փոստատարը նամակները եւ կապոցները տեղ է հասցնում փոստային ինքնանետիչի (կատապուլտի) օգնությամբ: Կապոցները նետվում են տների ուղղությամբ, ծառերի վրայով եւ այլն: Նպատակն է՝ հաղթահարել փորձությունները եւ կապոցը ճիշտ տուն հասցնել: Խաղը հասանելի է Google Play-ում:

Նարինե Դանեղյան