17:48 | 18.03.15 | Նորություններ | 4535
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է 2014թ. ձեռքբերումները եւ ներկայացրել է 2015թ. ծրագրերը:
2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ` ընկերությունն ունի 2,14 մլն բաժանորդ եւ զբաղեցնում է շուկայի 60,5% մասնաբաժինը:
2014թ. տարեվերջի տվյալներով` բջջային հեռախոսից ինտերնետ մուտք գործողների թիվը հասել է ավելի քան 1 մլն-ի: Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների (այդ թվում՝ անլար սարքերի, օրինակ՝ մոդեմի կամ երթուղղիչի միջոցով ինտերնետ մուտք գործողների) թիվը կազմում է 82,7 հազ.:
Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունն իրագործել է նախատեսված ծավալով բաժանորդային սարքավորումների եւ աքսեսուարների վաճառք: Այս հատվածում ընկերության եկամուտը կազմել է ավելի քան 1 մլրդ դրամ՝ 2013թ. համապատասխան ցուցանիշը գերազանցելով 38,7%-ով:
Անցած տարի շարժական կապից եւ հարակից գործունեությունից ՎիվաՍել-ՄՏՍ-ի եկամուտները կազմել են 77,6 մլրդ դրամ (շուկայի ավելի քան 61.6%-ը), իսկ OIBDA ցուցանիշը կազմել է ավելի քան 38 մլրդ դրամ:
2014թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 12,6 մլրդ դրամի ներդրում, շարունակել է նաեւ ցանցի թողունակության ընդլայնման աշխատանքները:
2015թ. ընկերությունը կշարունակի ընդլայնել իր ենթակառուցվածքները՝ ներդրումներ կատարելով այդ ոլորտում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ ընկերությունը առաջատար է նաեւ շարժական հեռախոսակապի բազային կայանների թվով (1091 2G կայան, 1091 3G կայան եւ 250 4G կայան) եւ բջջային կապի ծածկույթով. 2G ցանցի ծածկույթը հասնում է 99.8%-ի, 2014թ. ընկերության 3G/3.5G ցանցի ծածկույթը 97%-ից դարձել է 98%, իսկ 4G/LTE ցանցի ծածկույթը 36.6%-ից հասել է 45.7%-ի:
Երեւան, Ծաղկաձոր, Դիլիջան, Վանաձոր եւ Գյումրի քաղաքներից բացի՝ 4G/LTE ցանցի հասանելիություն է ապահովվել նաեւ Վաղարշապատ եւ Արմավիր քաղաքներում: 2014թ. ընթացքում տեղադրվել է 39-ը 2G, 39-ը 3G եւ 50 4G նոր բազային կայան:
2015թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենտրոնացնելու է ջանքերը 2G եւ 3.5G ցանցերի վերազինման եւ թողունակության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ ապահովելու է 4G/LTE ցանցի հասանելիություն` Հայաստանի այլ քաղաքներում:
«Հիմնարար արժեքները միավորում են մեզ, դարձնում ավելի զգոն, արդյունավետ, պատասխանատու, ավելի թափանցիկ եւ առավել մոտ մեր բաժանորդներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2014թ. ընկերությունը սոցիալական ներդրումներ է կատարել տարբեր ոլորտներում: Իրականացվել են երեխաներին վերաբերող ծրագրեր՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով առողջապահական երկարաժամկետ ծրագրերը, մշակութային եւ ազգային ինքնության պահպանումը, բարձրագույն կրթության ոլորտը, շրջակա միջավայրի պահպանությունն ու գյուղական ենթակառուցվածքների զարգացումը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերոնշյալ ոլորտների համար այս տարի եւս սահմանել է սոցիալական ներդրումների թիրախային ծրագրեր: 2005-2014 թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 22 մլրդ դրամի սոցիալական ներդրում է իրականացրել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում: Ընկերությունը 1,9 մլրդ դրամ է հատկացրել 2015թ. ծրագրերի իրագործման համար:
«Մենք հավատում ենք Հայաստանի առավել լավ ապագային. այս նշանաբանն արտացոլում է մեր պարտավորվածությունը հասարակության եւ շրջակա միջավայրի նկատմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւորում է երկարաժամկետ մարտահրավերները՝ Հայաստանի բնակչության համար նախաձեռնելով եւ իրականացնելով կենսական նշանակության ծրագրեր»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը:
28,891,812,140 (մոտ 28,9 մլրդ) դրամով ընկերությունը երկրորդն է Հայաստանի խոշոր հարկատուների 2014թ. ցուցակում: 2005-ից ի վեր ընկերությունը պետբյուջե է վճարել 15,937,423,240 (մոտ 186 միլիարդ) դրամի չափով հարկ: