13:31 | 13.03.15 | Նորություններ | 3380
Այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Վ. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈՒԱԿ) ձեռք է բերել Plessart VIVO («Toshiba», Ճապոնիա) հեռակառավարվող ղեկավարմամբ ունիվերսալ թվային ռենտգենոսկոպիայի եւ անալոգային ռենտգենոգրաֆիայի համալիր սարք:
Սարքի ձեռքբերման համար ընկերությունը հատկացրել է 60 մլն դրամ:
«Ուռուցքաբանական հետազոտություններ անցնելու եւ բուժօգնություն ստանալու համար հայաստանցիները հաճախ ստիպված են լինում մեկնել արտերկիր, ինչը թե ֆինանսապես եւ թե հոգեբանորեն ծանր է հիվանդի համար: Պատճառը` հայաստանյան բուժհաստատությունների տեխնիկական ոչ բավարար հագեցածությունն է. ամենաբարձր որակավորում ունեցող բժիշկն անգամ ժամանակակից սարքավորումների կարիք ունի` լիարժեք հետազոտություններ կատարելու համար: Հուսով եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը կնպաստի բժիշկների առավել արդյունավետ աշխատանքին եւ փոքր-ինչ կթեթեւացնի հիվանդների հոգսը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՈՒԱԿ-ում տարեկան բուժվում է ուռուցքային տարատեսակ հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազ. հիվանդ: Կենտրոնում օրական կատարվում է 80-100 ռենտգեն հետազոտություն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010-ից պատրաստակամ աջակցություն է ցուցաբերում ՈՒԱԿ-ին, ինչի արդյունքում կենտրոնը համալրվել է հիվանդության հայտնաբերման վերջին սերնդի սարքավորումներով: Այդ նպատակով ընկերությունն արդեն կատարել է ավելի քան 178 մլն դրամի ներդրում: