13:55 | 10.03.15 | Նորություններ | 1102

Թեթեւ եւ շատ բարակ. ներկայացվել է նոր MacBook-ը

Apple-ը Սան Ֆրանցիսկոյում կայացած Spring Forward միջոցառման շրջանակում ներկայացրել է 12 դյում անկյունագծով նոր MacBook-ը:

Retina (2304 x 1440) էկրանով այս նոութբուքը շատ ավելի թեթեւ եւ բարակ է (907 գ), քան Apple-ի նախկինում արտադրած դյուրակիր համակարգիչները:

Նոր MacBook-ում ներկայացված են Apple-ի տեխնոլոգիական բոլոր նորույթները: Նման թեթեւ համակարգիչ պատրաստելու համար այն սնախագծողները ստիպված են եղել մի շարք փոփոխություններ կատարել, այդ թվում՝ թողնել միայն մեկ port (USB Type-C)` նախատեսված ինչպես այլ սարքերի միացման, այնպես էլ նոութբուքի լիցքավորման համար: Փոփոխվել է նաեւ լոգոն՝ «խնձորը» այլեւս չի լուսարձակի:

MacBook-ն ունի ալյումինե կաղապար՝ ոսկեգույն, արծաթագույն եւ մոխրագույն երանգների ընտրությամբ: Կաղապարի հաստությունը կազմում է 13,1 մմ:

Եթե ցանկանում եք համակարգչով փաստաթղթեր կամ լուսանկարներ ուղարկել, ապա լավ կլինի դա կատարել Wi-Fi-ի կամ Bluetooth-ի օգնությամբ՝ օգտվելով iCloud-ի եւ AirDrop-ի ծառայություններից:

Ինչպես գրել է TechCrunch-ը, «12-դյումանոց նոր MacBook-ը նախատեսված է այն աշխարհի համար, որտեղ ձեր հիմնական համակարգչային սարքը սմարթֆոնն է, այլ ոչ թե լափթոփը»: 

Apple-ում խոստացել են, որ MacBook-ն առանց լիցքավորման կարող է աշխատել մինչեւ 9 ժամ՝ ինտերնետից ակտիվ օգտվելու, եւ մինչեւ 10 ժամ՝ HD տեսանյութեր դիտելու դեպքում: 

Նոր MacBook-ը վաճառքում կհայտնվի ապրիլի 10-ին: Այն կարժենա $1,299 եւ կունենա 8 GB օպերատիվ հիշողություն: 

Հիշեցնենք, որ MacBook-երի արտադրությունը Apple-ը դադարեցրել էր 2011-ին: