15:16 | 25.12.14 | Նորություններ | 1189

«Ինստիգեյթ»-ի ջանքերով Իջեւանում ՏՏ նոր ընկերություն է հիմնադրվել

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ «Ինստիգեյթ» ընկերության ջանքերով Իջեւանում հիմնադրվել է «Վեկտր» ՓԲԸ-ն՝ հիմնադիր եւ տնօրեն Արեգ Պետրոսյանի ղեկավարությամբ:

«Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններ են սկսել գործել Հայաստանի մի շարք քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Իջեւանում եւ Ստեփանակերտում: ԻՏՁՄ-ի եւ «Ինստիգեյթ»-ի նպատակները համընկնում են. դրանք ընդգրկում են երիտասարդությանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Վեկտր»-ն ունի չորս ծրագրավորողներից բաղկացած թիմ, կատարում է համացանցային եւ դյուրակիր համակարգիչների համար ծրագրերի նախագծման, իրականացման եւ ստուգման աշխատանքներ: Արդեն իրականացվել է երեք նախագիծ, իսկ թիմը ընդլայնելու նպատակով անցկացվում է հերթական դասընթացը։

«Վեկտր» ընկերությունը «Ինստիգեյթ»-ի նոր ռազմավարության արդյունքն է, այն է՝ աջակցել ՀՀ շրջաններում ՏՏ անկախ ընկերությունների ստեղծմանը՝ իրականացնելով մասնագիտական նախնական վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաեւ օգնել ընկերության ստեղծմանը եւ գործընթացների ձեւավորմանը՝ առանց «Ինստիգեյթ» խմբի հետ հետագա իրավական փոխկապակցվածության։