17:25 | 23.12.14 | Նորություններ | 5379
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր ամփոփել եւ ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները:
Նախագծի շրջանակում Պարույր Սեւակ գյուղի նախակրթարանում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ եւ էլեկտրական ջեռուցման համակարգ: Շնորհանդեսը կայացավ գյուղի նախակրթարանում, որն ունի 2 սենյակ եւ սպասարկում է 16 երեխայի: Միջոցառման հյուրերն էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը եւ Պարույր Սեւակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը:
«Հին ժամանակներում իմաստուններն ասում էին, որ Երկրագունդը պետք է սիրել եւ պահպանել, քանի որ այն ոչ թե ժառանգել ենք մեր ծնողներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից: Բնությունն անչափ հարուստ է ռեսուրսներով, բայց մենք պետք է խնայողաբար օգտագործենք դրանք՝ հնարավորության դեպքում ընտրելով պակաս վնասակար կամ լիովին անվնաս տարբերակներ: Արդեն ամբողջ աշխարհն է գիտակցում էկոլոգիական աղետների պատճառներն ու դրանց հետեւանքների լրջությունը, եւ բազմաթիվ երկրներ պատասխանատու մոտեցում են ցուցաբերում շրջակա միջավայրի հանդեպ` օգտվելով այլընտրանքային էներգիայի աղբյուրներից: Սա ոչ թե առանձին երկրների, այլ ամբողջ մարդկության պայքարը պետք է լինի, եւ միանալով դրան՝ մեկ անգամ եւս հավաստում ենք մեր քաղաքակիրթ եւ գիտակից մոտեցումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արեւային ջեռուցման եւ ջրատաքացուցիչ համակարգն ունի ջրատաքացուցիչ 2 կոլեկտոր, յուրաքանչյուրը՝ վակուումային 30 խողովակով (ընդհանուր՝ 60 հատ): Հայաստանում, ի դեպ, 70մմ տրամագծով վակուումային խողովակներն առաջին անգամ են գործարկվում (մինչ այժմ շահագործվող խողովակների տրամագիծը չի գերազանցել 58մմ-ը) եւ առավել արդյունավետ են: Վակուումային մեկ խողովակի երկարությունը 2.1մ է: Համակարգն ունի նաեւ 300 լիտր տարողությամբ երկկոնտուր ջերմափոխանակիչ բաք, ինչպես նաեւ ղեկավարման համակարգ` իր պոմպով: Բացի այդ, նախակրթարանում տեղադրվել է ջեռուցման էլեկտրական կաթսա՝ 15KW հզորությամբ եւ ջեռուցման ընդհանուր համակարգ՝ 8 հատ ջեռուցման մարտկոցով: Նախակրթարանում տեղադրված արեւային ջրատաքացուցիչը ջեռուցման էներգաարդյունավետ եւ բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Այս համակարգը ձմռանը 50-60%-ով նվազեցնում է ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը: Ծրագրի շնորհիվ սպասվում է նաեւ նախակրթարան հաճախող երեխաների քանակի աճ:
Պարույր Սեւակ գյուղը, որը նախկինում ունեցել է Սեւակավան անվանումը, հիմնադրվել է 1978 թ.-ին եւ ունի 577 բնակիչ: Գյուղի բնակչությունը գաղթել է տարբեր հարակից համայնքներից, ինչպես նաեւ Ադրբեջանից: