13:21 | 17.11.14 | Նորություններ | exclusive 947
Recognize Genocide մոբայլ հավելվածը հնարավորություն կտա տեսահոլովակի միջոցով մարտահրավեր ուղարկել սոցցանցերում արտասահմանցի ընկերներին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին մեծացնելով վերջիններիս շրջանում տեղի ունեցածի մասին իրազեկվածությունը:
Ծրագրավորող Տիգրան Բայբուրցյանի եւ դիզայներ Վահե Սարգսյանի կողմից պատրաստված մոբայլ հավելվածը նաեւ հնարավորություն կտա ծանոթանալ 1915թ. Հայոց ցեղասպանության պատմությանը՝ թեմային առնչվող ֆիլմերի, տեսանյութերի եւ միջազգային մամուլից հրապարակումների միջոցով:
«Արտասահմանցուն Ցեղասպանության բովանդակությամբ ուղղակի ինֆորմացիա կարդալը գուցե այդքան հետաքրքիր չլիներ: Այդ իսկ պատճառով որոշեցինք Ice Bucket Challenge արշավի նմանությամբ ինչ-որ հետաքրքիր բան մտածել: Այսպիսով, հավելվածը յուրաքանչյուր մարդու հնարավորություն կտա նկարահանել կարճ տեսահոլովակ «Ես ճանաչում եմ 1915թ. Հայոց ցեղասպանությունը» թեմայով եւ մարտահրավեր նետել տարբեր սոցցանցերում իր ընկերներին՝ միանալու վիրտուալ արշավին: Տեսահոլովակը նկարահանելուն պես հավելվածը տվյալ մարդուն ցույց կտա իր ընկերների ցանկում գտնվող ոչ հայերի ցուցակը, վերջիններիս դրա վրա նշելու (tag friends) նպատակով, որպեսզի տեսահոլովակը տարածվի ազգությամբ ոչ հայերի շրջանում»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է հավելվածի հեղինակ Տիգրան Բայբուրցյանը:
Նրա խոսքով, հավելվածը նաեւ ռեալ ժամանակում աշխատող թայմեր է ունենալու՝ տեսանելի դարձնելով, թե տվյալ պահի դրությամբ քանի հոգի է մասնակցել արշավին:
«Այդպիսով, մինչեւ 2015թ. ապրիլ կունենանք վիճակագրություն, թե յուրաքանչյուր երկրից քանի հոգի է մասնակցել արշավին: Պետությունները եւ մասնակիցների թիվը ներկայացվելու են քարտեզի վրա: Հավելվածը հնարավորություն կտա դիտել նաեւ լավագույն մարտահրավեր պարունակող տեսահոլովակները, որոնք անընդհատ կթարմացվեն»,- պատմել է հավելվածի ստեղծողը՝ նշելով, որ վերջնական նպատակն է հավաքել բոլոր տեսահոլովակները եւ պատրաստել 40-60-րոպեանոց ֆիլմ, որում աշխարհի տարբեր լեզուներով կհնչի հետեւյալ արտահայտությունը՝ «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը»:
Տիգրան Բայբուրցյանն անդրադարձել է նաեւ հավելվածի ստեղծման գաղափարի առաջացմանը՝ նշելով, որ միտքը կար տեւական ժամանակ, բայց գործնական քայլեր արվեցին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում վերջերս անցկացված ProductHunt միջազգային նախագծի շրջանակում:
«Նախագծի ընթացքում գաղափարն արդեն բարձրաձայն առաջարկեցի եւ, տեսնելով առկա հետաքրքրությունը, որոշեցինք այն իրագործել: Նյութական առումով հնարավոր է բավական ծախսատար նախագիծ ստացվի, բայց կան հետաքրքրված մարդիկ, ովքեր պատրաստ են որոշակի արդյունք տեսնելուց հետո ֆինանսավորել հետագա տեխնիկական ծախսերը»,- նշել է նա:
Հավելենք, որ Recognize Genocide հավելվածը պատրաստ է, բայց դրա մեկնարկը եւ տարածումը տեղի կունենա միայն 2015թ. հունվարին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված իրազեկման արշավի ակտիվ փուլը մեկնարկելու է հենց այդ ժամանակահատվածում: