14:47 | 06.02.14 | Նորություններ | 1171

Ռադիոիզոտոպների արտադրության համար անհրաժեշտ ցիկլոտրոնն արդեն Հայաստանում է

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակներում ռադիոիզոտոպների արտադրության համար անհրաժեշտ ցիկլոտրոնն արդեն Հայաստանում է:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր ասել է, որ «Ցիկլոն 18/18» դասի ցիկլոտրոնը ձեռք է բերվել բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպությունից:

«Ցիկլոտրոնն արդեն տեղում է, պետք է արագացնել շենքի ներքին հարդարման աշխատանքները», - ասել է նախարարը:

ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն կատարելով նախկինում ընդունված իր որոշման մեջ, որոշել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ընկերությանը պետբյուջեից առաջին եռամսյակում 792 մլն 386 հազար դրամ բյուջետային վարկ տրամադրել 15 տարի մարման ժամկետով:

Գումարը կուղղվի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շենքի ներքին ինժեներական եւ արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքների համար: