13:37 | 25.11.13 | Նորություններ | 3826

Մեկնարկել է «Beeline Scholarship» ծրագիրը

ԱրմենՏել ՓԲԸ-ն (ապրանքանիշը`Beeline) Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ այսօր հայտարարել է «Beeline Scholarship» ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակներում ԱրմենՏել ընկերությունը շուրջ 100 հայ ուսանողի կտրամադրի կրթաթոշակ` վճարելով նրանց մեկ կիսամյակի ուսման վարձը: Յուրաքանչյուր ուսանողին տրամադրվող աջակցության գումարը չի գերազանցի 300.000 դրամը: Ծրագրին կարող են մասնակցել երկրորդից չորրորդ կուրսի վճարովի համակարգում սովորող ուսանողները, ովքեր այլ կրթաթոշակ չեն ստանում:

«Ծրագրի շրջանակներում 38 բուհերի ուսանողներ հնարավորություն կունենան կրթաթոշակ  ստանալ եւ շարունակել իրենց կրթությունը, ինչի համար պետք է հստակ շարադրեն` ի՞նչ փոփոխություններ կիրականացնեն իրենց ոլորտում: Մեր հերթական ծրագիրը կօգնեի երիտասարդներին ինքնուրույն պայմաններ ստեղծել ապագայում հաջողության հասնելու համար»,-ասել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Կրթաթոշակը բաց է Հայաստանի պետական բուհերի ուսանողների համար, ովքեր մասնագիտանում են հետևյալ ոլորտներում`սոցիալական և հումանիտար գիտություններ, արվեստ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավունք, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բիզնես կառավարում, ճշգրիտ ու բնական գիտություններ:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի փոխանցմամբ, ծրագիրը կիրականացվի երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցները պետք է ներկայացնեն «Ի՞նչ փոփոխություն եմ պատրաստվում իրականացնել իմ ոլորտում» առաջարկը: Երկրորդ փուլում կրթության եւ գիտության նախարարության, միջազգային, կրթական եւ բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ կրթական ոլորտի փորձագետներից կազմված հանձնաժողովն առաջին փուլ անցած մասնակիցներից կընտրի 80-100 ուսանողի, որոնք կարժանանան Beline կրթաթոշակին:

Ուսանողները առաջարկները պետք է ներկայացնեն Բրիտանական խորհրդի կայքի կամ Ֆեյսբուքի պաշտոնակական էջի միջոցով: Հայտերն ընդունվում են այսօրվանից մինչ դեկտեմբերի 25-ը, արդյունքների ամփոփումը կկայանա 2014-ի հունվար ամսին: