16:02 | 16.10.13 | Նորություններ | 1241

Շնորհվել են ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի կրթական պարգեւները

Երեւան: Մեդիամաքս: Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ նախագահի կրթական պարգեւին այս տարի արժանացել է 21 ուսանող եւ 18 աշակերտ՝ 5 բուհից եւ 8 ավագ դպրոցից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի 2013թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին եւ նրանց հանձնել պարգեւները:

Այս տարի «Գլխավոր մրցանակ» անվանակարգում հաղթող չի ընտրվել:

Ընթացիկ տարում ընդլայնվել է մրցանակաբաշխությանը մասնակից կրթական հաստատությունների թիվը՝ ընդգրկելով նաեւ «Այբ» ավագ դպրոցը:

«Դուք օրինակ եք ծառայում ձեր հասակակիցների եւ ընկերների համար: Այդ օրինակը պետք է լինի վարակիչ, որպեսզի հեռուստատեսությամբ ձեզ տեսնողները եւս հավատան իրենց ուժերին, լծվեն իրենց ուսմանն ու կրթությանը: Թող նրանք ոչ միայն ձեր օրինակի, այլեւ իրենց սեփական աշխատանքի շնորհիվ համոզվեն, որ մեկ, երկու, երեք տարի անց արդեն իրենց են ցուցադրելու հեռուստատեսային լուրերով՝ ՀՀ նախագահի նստավայրում պարգեւներ եւ կրթաթոշակներ ստանալիս», - իր խոսքում ասել է Սերժ Սարգսյանը: