ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ներկա է գտնվել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողությանը:
Տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաներ հիմնելու նախաձեռնության կարևորությունն ու անհրաժեշտությունը ՀՀ նախագահն ընդգծել էր դեռևս 2011 թվականին՝ «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդի հետ հանդիպման ժամանակ:
Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված ներդրումներին, լաբորատորիաների հնարավորություններին ու ծրագրի հեռանկարին:
Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ ստեղծելու ծրագրի նպատակն է տեխնոլոգիաների և նորարարության զարգացման միջոցով ուժեղացնել Հայաստանի ճարտարագիտության ոլորտի կրթական կարողությունները և հետազոտական ներուժը` միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացնելով ՀՊՃՀ կրթական և հետազոտական կառույցները:
Լաբորատորիաները կսպասարկեն ՀՊՃՀ վեց ֆակուլտետների 24 մասնագիտություններով սովորող ուսանողների (տարեկան շուրջ 2 000 ուսանող), որոնց կտրամադրվի տեխնիկական դասընթացների ու հետազոտական աշխատանքի համակցման հնարավորություն: