13:54 | 18.01.13 | Նորություններ | 5581
20% շահութահարկը ստիպում է Հայաստանում օտարերկրյա կապիտալով աշխատող ՏՏ-ընկերություններին ցույց չտալ իրենց շահույթը Հայաստանում, այսօր ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Ըստ նրա, բարձր հարկերը ստիպում են Հայաստանում գործող օտարերկրյա ընկերություններին այստեղ փոխանցել միայն աշխատավարձերը, իսկ
շահույթը ցույց տալ իրենց ծագման երկրներում, որտեղ հարկումն ավելի մեղմ է, կամ օֆշորային գոտիներում:
«Արդյունքում Հայաստանի ՏՏ ոլորտի իրական շրջանառությունը ամբողջությամբ չի արտացոլվում, մինչդեռ ճիշտ կլինել ստեղծել հարկման այնպիսի դաշտ, որ ընկերությունները շահագրգռված լինեն ցույց տալ իրենց շահույթը Հայաստանում», - ասել է Բագրատ Ենգիբարյանը:
ՏՏ-ոլորտի հարկման եւ մի շարք հիմնախնդիրներ է մատնանշել նաեւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ըստ նրա, 2013-ից ուժի մեջ մտած նոր հարկային օրենսդրական փաթեթի բազմաթիվ կետեր չեն նպաստում ոլորտի զարգացմանը, որոնցից է, մասնավորապես, ավելի մեծ հարկային բեռը բարձր աշխատավարձերի վրա, որոնցով ոլորտն առանձնանում է տնտեսության մյուս ճյուղերից:
ՏՏ-ոլորտին առնչվող հարկային բնագավառի եւ այլ հիմնախնդիրներն արծարծվելու են ԻՏՁՄ կողմից 2013-ի սկզբից մեկնարկած «ՏՏ զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագրի արդյունքներով, որն ուղղված է վերհանելու ոլորտում 2008-2018թթ. պլանավորված եւ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը:
«Մշտադիտարկումը կօգնի առաջ հանել ոլորտի բոլոր հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են Հայաստանի ՏՏ-ոլորտի զարգացման հայեցակարգի նպատակային ցուցանիշներին հասնելուն», - ասել է Բագրատ Ենգիբարյանը:
Կարեն Վարդանյանը նշել է, որ 2018-ին ոլորտում հայեցակարգով նախատեսված 20 000 աշխատատեղ (ներկայումս՝ շուրջ 10 000) ապահովելու համար անհրաժեշտ
են համալիր միջոցառումներ ինչպես կրթության, այնպես էլ տեխնոլոգիական բիզնես ի ոլորտում: «Կադրային խնդիրը լուծելու համար նախատեսում ենք Armenian National Engineering Lab-ին համարժեք մարմին ստեղծել ՏՏ մասնագետների համար, ինչպես նաեւ ռոբոտաշինական խմբակներ բացել Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում», - ասել է Կարեն Վարդանյանը, նշելով, որ նման խմբակներ արդեն գործում են 7 դպրոցներում, իսկ մինչեւ տարեվերջ այդ թիվը կհասնի 50-ի:
«ՏՏ զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագրի տեւողությունը 7 ամիս է եւ այն իրականցվում է Counterpart International Armenia-ի եւ USAID-ի ֆինանսական աջակցությամբ: