03:28 | 14.11.12 | Նորություններ | 745
Երեւան/Մեդիամաքս/. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) տեխնոլոգիական ոլորտում պետգնումների գործընթացի յոթամսյա հետազոտության արդյունքներով ՀՀ կառավարության համար ոլորտը բարեփոխելու 11 առաջարկ է պատրաստել:
Ներկայացնելով այսօր առաջարկները, միության տնօրեն Կարեն Վարդանյանն ասել է, որ դրանց նպատակն է ապահովել պետգնումների համակարգով իրականացվող մրցույթների թափանցիկությունը, պարզեցնել եւ հստակեցնել հայտարարվող մրցույթների պայմանները:
Ստորեւ հակիրճ ներկայացնում ենք կառավարությանը մոտ օրերս ներկայացվելիք առաջարկները.
1. Պետգնումների ընթացքում առաջնորդվել առանձին չափաբաժիններով ձեռքբերման սկզբունքով, որպեսզի ընդլայնվի մատակարարողների թիվը, հնարավորություն ընձեռվի գնել մասնագիտացված ընկերություններից;
2. Սահմանել համատեղ հայտերի ներկայացման եւ համատեղ հայտերով մասնակցության պայմաններ, որպեսզի տենդերին մասնակցող ընկերությունները ներկայացված պահանջները բավարարելու համար ստիպված չլինեն դիմել որեւէ հեղինակավոր «հաղթանակ ապահովող» ընկերության՝ ձեւական մասնակցության համար, ինչն անհարկի բարձրացնում է պայմանագրի արժեքը;
3. Ներդնել մրցույթներին ներկայացված առաջարկների որակական գնահատման միջազգային մեխանիզմներ, որպեսզի հաղթի ոչ թե ամենաէժան, այլ ամենալավ գին/որակ հարաբերություն ապահովող ընկերությունը;
4. Սահմանել ապագայում նախատեսվող մրցույթների հրապարակման պարտադիր սկզբունք, որպեսզի կազմակերպությունները նախօրոք տեղյակ լինեն հավանական մրցույթների մասին եւ զուգորդեն դա իրենց առեւտրային գործունեության հետ;
5. Շտկել եւ լիարժեք գործարկել էլեկտրոնային գնումների համակարգը;
6. Բարելավել պետգնումների բողոքարկման համակարգը;
7. Բարձրացնել տեխնիկական առաջադրանքների որակը;
8. Բարձրացնել գնահատող հանձնաժողովների պրոֆեսիոնալիզմը՝ այնտեղ անկախ փորձագետների ընդգրկմամբ;
9. Սահմանել մրցույթները չեղյալ հայտարարելու խիստ պահանջներ եւ ծախսերի հատուցման մեխանիզմներ, որպեսզի ծախս կատարած տնտեսվարողները չտուժեն պետության կողմից մրցույթների կամայական ընդհատումից;
10. Միասնական տեղեկատվական հարթակ օգտագործել պետության կարիքների համար կատարվող բոլոր մրցույթների համար:
11. Սահմանել գնահատման ժամկետների հստակ ընթացակարգ եւ ծախսերի փոխհատուցման ընթացակարգեր:
Կարեն Վարդանյանը տեղեկացրել է, որ հետազոտության արդյունքներով որոշվել է նաեւ ոլորտից 13 փորձագետ առանձնացնել՝ բարեփոխումների ընթացքում կառավարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրելու համար:
ԻՏՁՄ տնօրենի գնահատականով, նշված բարեփոխումները կարող են կյանքի կոչվել հաշված ամիսների ընթացքում եւ էապես կխթանեն Հայաստանի ՏՏ-ոլորտը:
«Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների եւ գնումների գործընթացում մշտադիտարկում եւ բարեփոխում» ծրագիրը իրականացվել է Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ: