13:42 | 20.06.12 | Նորություններ | 1495

Երեւանում կայացել է Մայքրոսոֆթ Հայաստան-ի կազմակերպած առաջին «ԹեքԴեյզ»-ը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության կազմակերպած «ԹեքԴեյզ»(«TeckDays»)միջոցառումը, որը կրում է տեսական եւ գործնական դասընթացի ձեւաչափ: Հայաստանում առաջին անգամ անցկացվող «ԹեքԴեյզ»-ը կտեւի երկու օր:

Դասախոսությունը նախատեսված է ՀՀ ՏՏ հասարակության ներկայացուցիչների համար, հիմնական թեմաներն են Windows 8 օպերացիոն համակարգը, Microsoft Cloud Services ամպային ծառայությունները եւ SQL Server 2012-ը:

«Հայաստանում առաջին անգամ է «ԹեքԴեյզ» կազմակերպվում: Ունեցել ենք նաեւ ծրագրավորողների օրեր, իսկ սա ուղղված է նաեւ սիստեմ ադմինիստրատորներին, IT ենթակառուցվածքների այլ պատասխանատուներին»,- Մեդիամաքս-ի թղթակցին ասել է  «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության նախագահ Գրիգոր Բարսեղյանը:

Նա նշել է, որ դասընթացի շրջանակներում առաջին անգամ հրավիրել են մասնագետների ՝ Մայքրոսոֆթի տեխնիկական գծով ռեգիոնալ ղեկավար Կարլ Դավիս Բարենին Մալթայից եւ Մայքրոսոֆթ Ֆրանսիայի տեխնիկական գծով ղեկավար Դամյէն Կառոին:
Բացման խոսքին հաջորդեցին երկու տարբեր դասընթացներ` ծրագրավորողների եւ ՏՏ այլ  պրոֆեսիոնալների համար: Ծրագրավորողների համար նախատեսված դասընթացը վարեցին Կարլ Դավիս Բարեն եւ «Մայքրոսոֆթ Հայաստան»-ի ներկայացուցիչ Դավիթ Քոչարյանը, իսկ մյուսը՝ Դամյէն Կառոն եւ «Մայքրոսոֆթ Հայաստան»-ից  Ժան Մամիկոնյանը:

 Վաղը` հունիսի 21-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կլինի նշված թեմաների վերաբերյալ գործնական դասընթաց : Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության նախագահը, ամեն տարի Մայքրոսոֆթի համաշխարհային կազմակերպությունն անցկացնում է «ԹեքԴեյզ». «Ձեւաչափը նույն է, պրոդուկտն ու մասշտաբները` տարբեր: Հաջորդ շաբաթ Հոլանդիայում կկայանա եւս մեկ «ԹեքԴեյզ», որին Հայաստանից կմասնակցեն ՏՏ ոլորտի 6 ներկայացուցիչներ»: