12:45 | 13.09.11 | Նորություններ | 3415

Արմենտելը խիստ նախազգուշացում ստացավ ՝ Յուքոմի նկատմամբ խտրական սակագներ կիրառելու համար

Երեւան: Մեդիամաքս: Արմենտել ընկերությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) այսօրվա նիստում ստացել է խիստ նախազգուշացում՝ Յուքոմ ֆիքսված կապի օպերատորի նկատմամբ խտրական սակագներ կիրառելու համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Յուքոմը բողոք էր ներկայացրել հանձնաժողով Արմենտելի դեմ, համաձայն որի Արմենտելն իր բջջային ցանցից դեպի Յուքոմի ֆիքսված ցանց կատարվող զանգերի սակագինը սահմանել է 99 դրամ/րոպե (բոլոր սակագնային պլանների համար), մինչդեռ իր ֆիքսված ցանց զանգելու 1 րոպեի արժեքը, կախված սակագնային պլանից, տատանվում է 29,99-ից մինչեւ 59 դրամ:

«Սահմանված սակագնի պատճառով քաղաքացիները խուսափում են օգտվել Արմենտելի միջոցով Յուքոմի ֆիքսված ցանց զանգահարելուց, ինչն էլ արհեստականորեն խոչընդոտում է շուկայում համեմատաբար նոր մուտք գործած ընկերության հեռախոսային ծառայությունների ընդլայնմանը», - ասվում էր Յուքոմի դիմում-բողոքի մեջ:

Արմենտելի իրավաբան Դավիթ Սանդուխչյանը այսօր հանձնաժողովի նիստին տեղեկացրել է, որ ընկերությունը վարույթի ընթացքում ընդունել է իրավախախտման փաստը եւ արդեն հավասարեցրել է դեպի Յուքոմ զանգերի գրեթե բոլոր սակագները դեպի իր ֆիքսված ցանց զանգերի սակագների հետ: Ըստ նրա, սակագներն իջեցվել են փաթեթների շուրջ 80%-ում, իսկ մնացած փաթեթներում սակագների իջեցումը պայմանավորված է տեխնիկական խնդիրների լուծմամբ եւ տեղի կունենա մինչեւ սեպտեմբերի վերջ:

Հաշվի առնելով իրավախախտման վերացման փաստը, հանձնաժողովը որոշեց Արմենտելին հայտարարել խիստ նախազգուշացում:

Ամփոփելով հարցի քննարկումը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն հիշեցրել է, որ հանձնաժողովը մեղադրում է Արմենտելին նաեւ 2 այլ որոշումներով՝ գերիշխող դիրքի չարաշահման եւ անբարեխիղճ մրցակցության համար, որոնք Արմենտելը բողոքարկում է դատարանում:

«Այսօր Արմենտելը միջնորդություն է ներկայացրել, որում պատրաստակամություն է հայտնել վճարել հանձնաժողովի կողմից [վերոհիշյալ որոշումներով] սահմանված տուգանքները (համապատասխանաբար 100 մլն դրամ եւ 500 հազ. դրամ) եւ հրաժարվում է հանձնաժողովի նկատմամբ ունեցած իր բոլոր դատական հայցերից», - ասել է Արտակ Շաբոյանը, հավելելով, որ հանձնաժողովը հաշվի է առել այս փաստը՝ Արմենտելի վերաբերյալ վերջին որոշումն ընդունելու ժամանակ: