13:00 | 08.10.10 | Նորություններ | 3993

GNC Alfa-ն դարձել է «Ռոստելեկոմի» պաշտոնական գործակալը Հայաստանում

Երեւան/Մեդիամաքս/. GNC Alfa հայաստանյան մագիստրալային ինտերնետ-պրովայդերը եւ «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն հոկտեմբերի 7-ին համաձայնագիր են ստորագրել ՀՀ տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո ծառայությունների մատուցման մեկնարկի մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է GNC Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, համաձայնագիրը ենթադրում է հայ հաճախորդներին «Ռոստելեկոմի» այնպիսի ծառայությունների մատուցում, ինչպիսիք են IP-տարանցումը, ինտերնետ-կապը կորպորատիվ հաճախորդների համար եւ կապուղիների վարձակալությունը: «Եթե նախկինում, օրինակ, Վրաստանում եւ Ռուսաստանում կապուղիների վարձակալության համար հայաստանյան ընկերությունները ստիպված էին դիմել «Ռոստելեկոմի» կենտրոնական գրասենյակ, ապա այժմ բավական է դիմել մեզ»,- նշել է Հայկ Ֆարամազյանը:

Նրա խոսքերով, հետագայում ենթադրվում է «Ռոստելեկոմի»` Հայաստանում մատուցվող ծառայությունների տեսականու ընդլայնում: Նա նշել է, որ համաձայնագիրը չի նախատեսում «Ռոստելեկոմի» կողմից հայաստանյան ընկերության ակտիվների ձեռք բերում: «Գործարքի արդյունքում մենք դարձել ենք Հայաստանում «Ռոստելեկոմի» պաշտոնական գործակալը»,- ասել է Հայկ Ֆարամազյանը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն Ռուսաստանի ազգային հեռահաղորդակցային ընկերությունն է: Այն հեռահաղորդակցային ծառայություններ է մատուցում կապի սեփական մագիստրալային ցանցի հիման վրա, որը ձգվում է շուրջ 160 հազ. կմ: Ներկայումս ընկերությունը համագործակցում է 400 միջազգային օպերատորների եւ ընկերությունների հետ: