10:11 | 15.06.09 | Նորություններ | 11258

Armenian PowerSpell-ը ապահովում է լեզվի 97%-անոց ծածկույթ

Armenian PowerSpell ծրագրի հեղինակ Արման Բոշյանի և ծրագրի պաշտոնական դիստրիբյուտոր “Սահակ Պարթեւ-Պապյան” ՍՊԸ տնօրեն Հայկ Պապյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Itel.am պորտալին   

- Երբվանի՞ց եք զբաղվում Armenian PowerSpell-ի թողարկմամբ: Ծրագրի անվանումը Armenian PowerSpell Extended Edition 5.2 է, փաստորեն, նախկինում կային ծրագրի այլ թողարկումներ:

Ա. Բոշյան - Armenian PowerSpell-ի նախատիպը` ArmOrfo-ն, ստեղծվել է 9 տարի առաջ: Այն հանդիսանում էր հայերենի ուղղագրությունը ստուգող առաջին ծրագիրը: Նման ծրագրերին սովորաբար անվանում են spell checker: ArmOrfo-ն ուներ բավականին համեստ հնարավորություններ. բառարանը պարունակում էր 60 000 բառ: Այնուամենայնիվ, ծրագիրը բավականին մեծ պահանջարկ էր վայելում, քանզի այլընտրանք այն ժամանակ դեռ չկար: Ծրագիրը շատ թույլ էր պաշտանված անօրինական տարածումից, ինչն էլ հենց խանգարեց դրա զարգացմանը: Microsoft Windows օպերացիոն համակարգի նոր տարբերակի լույս տեսնելուց հետո ծրագրի անօրինական տարածումն ընդհատվեց, քանի որ ArmOrfo-ն չէր աշխատում նոր Windows-ի հետ:

Այսպիսով, ծրագրի զարգացումն ընդհատվեց անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պատճառով: 2005 թվականին ես որոշում կայացրեցի իմ ուժերով շարունակել ֆինանսավորումն ու նոր ծնունդ տալ ծրագրին` անվանելով այն Armenian PowerSpell: Ներգրավեցի աշխատանքում լեզվագետների եւ թարգմանիչների: Որոշեցինք ստեղծել ծրագիր, որը հաշվի կառներ հայերենի ուղղագրության օրենքները, պարզագույն քերականությունը, եւ, ամենակարեւորը, կաշխատեր հնչողության հիման վրա:

Ի դեպ, Armenian PowerSpell-ն այսօր աշխարհում միակ spell checker-ն է, որը
ստուգում է, թե ինչպես են հնչում բառերը եւ տալիս համապատասխան ուղղագրական առաջարկներ: Այսպիսով` ծրագիրը հաշվի է առնում թե բառի արմատը, թե հոլովն ու կիրառման ձեւը:

PowerSpell 2005-ի զարգացմանը նույնպես խանգարեց ծրագրի անօրինական տարածումը:

Armenian PowerSpell 2009-ն արդեն իմ երրորդ փորձն է, որն ես նույնպես իրականացրել եմ ինքնաֆինանսավորմամբ, սակայն արդեն հաշվի եմ առել ծրագրի անօրինական տարածման բոլոր հնարավորությունները եւ ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները:

Ծրագիրը վաճառքի է հանվել 2009 թ. մարտի 1-ին եւ ապահովում է հայոց լեզվի 97%-անոց ծածկույթ:

- Ինչպե՞ս հասկանալ “հայոց լեզվի 97%-ի ծածկույթ” ասվածը:

Ա. Բոշյան - Դա նշանակում է, որ ծրագիրը ճանաչում է հայոց լեզվում կիրառվող բառերի 97%-ը (մոտ 550 000 բառ ու բառատեսակ) եւ, բնականաբար, ուղղում է այդ բառերում թույլ տրված տառասխալները: Ի դեպ, օգտագործողն էլ իր հերթին կարող է ավելացնել ծրագրի մեջ այնպիսի բառեր, որոնք բացակայում են մեր բառարանում:

Լեզվի 97%-անոց ծածկույթը լիովին համապատասխանում է միջազգային մակարդակին: Իսպաներենի, ռուսերենի ու ֆրանսերենի ուղղագրությունը ստուգող համանման ծրագրերն ապահովում են լեզվի 95-96% ծածկույթ: Հաշվի առնելով, որ հայոց լեզուն աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկն է, 97%-անոց ծածկույթ ստանալու համար պահանջվեց 20 մասնագետների մոտ 5 տարվա քրտնաջան աշխատանք:

Ծրագիրը ստուգում է հայերենի ուղղագրությունը, պարզագույն քերականությունն ու  կետադրությունը, բարդ ընկալվող հաջորդականությունները, որոշ շարահյուսական սխալներ, օժանդակ բայերի կիրառումը, ինչպես նաեւ վերլուծում է օտար բառերն ու առաջարկում հայերեն տարբերակները:
Ծրագրում ընդգրկված օտար բառերի ցանկը կազմելիս` մենք ուսումնասիրել ենք թերթերն ու ինտերնետ-ֆորումները եւ առանձնացրել ենք մոտ 400 ոչ հայերեն բառեր, որոնք լայն կիրառում ունեն հասարակության մեջ:

Հուսով եմ, 2010 թ-ին Armenian PowerSpell-ը կդառնա նաեւ քերականություն ստուգման լիարժեք ծրագիր:

- Ծրագրի հետ ծանոթանալիս նկատեցինք, որ այն միայն առաջարկում է ուղղումներ, մինչդեռ, օրինակ, ռուսերենի ու անգլերենի համանման ծրագները ավտոմատ կերպով ուղղում են որոշ բառեր, վերջակետից հետո սկսում են նախադասությունը մեծատառով եւ այլն: Ինչու՞ Armenian PowerSpell-ը չունի այս հարմար հնարավորությունը:

Ա. Բոշյան - Armenian PowerSpell-ն պաշտպանում է մարդու իրավունքն արտահայտվելու այնպես, ինչպես նա ուզում է: Ծրագիրը չի ուղղի ոչ մի սխալ առանց համապատասխան հրահանգի, հաշվի առնելով այն հավանականությունը, որ օգտագործողը դիտավորյալ է թույլ տալիս սխալը:

- Ծրագրի բնութագրում նշվում է, որ ուղղագրությունը ստուգվում է 2 մեթոդներով` պարզ եւ խիստ: Այդ մեթոդները միաժամանա՞կ են գործում, թե՞ օգտագործողն ինքն է որոշում, թե որ մեթոդով կատարել ստուգումը:

Ա. Բոշյան - Որոշում է օգտագործողը: Պարզ մեթոդն ուղղում է այն դեպքերում, երբ, օրինակ, օգտագործոգը թույլ է տալիս տառասխալ, մուտքագրում է ավելորդ տառ, իսկ խիստը ստուգում է հոլովները եւ այն դեպքերը, երբ օգտագործողը մուտքագրում է օտար բառ, որն ունի իր հայերեն տարբերակը:
Պարզ մեթոդն աշխատում է արագ եւ հարմար է ամենօրյա նամակագրության համար, մինչդեռ խիստը աշխատում է դանդաղ, բայց ապահովում է ուղղագրության 99.99%-անոց ճշգրտություն: Այս մեթոդն առավել նպատակահարմար է հրատարակչությունների համար: Խիստ մեթոդը խորհուրդ է տրվում կիրառել նաեւ պատասխանատու փաստաթղթեր պատրաստելիս:

- Ծրագիրն աշխատու՞մ է միայն հայերեն Unicode-ի հետ, թե՞ հասկանում է նաեւ ANSI կոդավորումը, որով այսօր գրում է օգտագործողների մեծամասնությունը:

Ա. Բոշյան - Ծրագիրն աշխատում է հայերենի կոդավորման բոլոր տեսակների հետ:

- ANSI-ով տպելիս` տառերը հաճախ ինքնուրույն փոխվում են: Ուղղու՞մ է արդյոք  այդ թերությունն Armenian PowerSpell-ը:

Ա. Բոշյան - Այո: Ծրագիրը հաշվի է առնում նույնիսկ այն դեպքերը, երբ օգտագործողը հայերեն տպելիս սխալմամբ օգտագործում է լատիներեն տառեր, որոնք իրենց տեսքով համընկնում են հայկական տառերի հետ:

- Ինչպե՞ս է տարածվում ծրագիրը: Քանի՞ կազմակերպություն եւ անհատ է այն արդեն ձեռք բերել, եւ նախատեսու՞մ եք արդյոք որեւէ գովազդային ակցիա` այն հանրաճանաչ դարձնելու համար:  

Հ. Պապյան - Ծրագրի տարածմամբ զբաղվում է “Սահակ Պարթեւ-Պապյան” ընկերությանը պատկանող “Արեգ” տեղեկատուն:

Ի դեպ, չեմ կարող չնշել այն խորհրդանշական պատահականությունը, որ հայոց լեզվի արդիական խնդիրներով զբաղվում է մի ընկերություն, որն իր անվան մեջ կրում է կաթողիկոս Սահակ Պարթեւի անունը:  Հայտնի է, որ հենց Սահակ Պարթեւի պատվերով է Մեսրոպ Մաշտոցը ստեղծել հայոց այբուբենը:

Ծրագիրը տարածվում է www.powerspell.am և www.soft.areg.biz կայքերի միջոցով, որոնք լավ ինդեքսավորվում են որոնման համակարգերի կողմից: Բացի այդ, մենք ունենք անմիջական կապ հազարավոր կազմակերպությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս բավականին արդյունավետ իրականացնել շուկայական հետազոտություններն ու տարածումը:

Այսօր մենք ունենք արդեն մոտ 300 բաժանորդ: Բացի այդ,ծրագիրն ազատ է 7-օրյա օգտագործման համար: Մեր կենտրոնական սերվերի միջոցով մենք հետեւում ենք ծրագրի օգտագործման հաճախականությանը և կարող ենք փաստել, որ 2 ամիսների ընթացքում ծրագիրն արդեն ստուգել է 160 000 էջ ու ուղղել 800 000 տառասխալ:     
Մենք մշտապես դրական արձագանքներ ենք ստանում ծրագրի բաժանորդներից: Իրոք, ծրագրի գինը, որն, ի դեպ, կազմում է տարեկան 9000 դրամ, անհամեմատելի է իր տված օգուտի հետ:

Armenian PowerSpell-ի տարածմամբ մենք նաեւ ուզում ենք հայ հասարակության մեջ սերմանել արտոնագրված ծրագրերի օգտագործման մշակույթը:

Ծրագիրը մշտապես թարմացվում է, եւ արտոնագրված տարբերակի սեփականատերն ինքը կարող է ընտրել թարմացման հարմար տարբերակը:

- Ծրագիրը միայն Հայաստանու՞մ է տարածվում է, թե՞ նաեւ արտասահմանում:

Հ. Պապյան - Այս պահի դրությամբ մեր նպատակային շուկան Հայաստանն է: Ռուսաստանում եւ մի շարք այլ երկրներում բնակվող հայկական սփյուռքի շրջանում, ցավոք, հայերենով տպելու պրակտիկան շատ թույլ է տարածված, եւ նման ծրագրի պահանջարկ գրեթե չկա:     

- Արդեն ավարտական փուլում են գտնվում Misrosoft Office 2007-ի հայերեն տարբերակի պատրաստման աշխատանքները: Հնարավո՞ր է արդյոք, որ Misrosoft Office-ն ու Armenian PowerSpell-ը վաճառվեն մեկ ծրագրային փաթեթի մեջ:

Ա. Բոշյան - Մտածում ենք այդ ուղղությամբ: Սովորաբար Microsoft Office-ի հետ տարածվում են spell checker-ների ավելի թույլ տարբերակներ, իսկ պրոֆեսիոնալ տարբերակները վաճառվում են առանձին: Երեւի հենց այդպես էլ կանենք:

- Մենք գիտենք, որ բացի Armenian PowerSpell-ից դուք ստեղծում եք նաև Armenian PowerDictionary էլեկտրոնային բառարան: Կարելի՞ է արդյոք ենթադրել, այս բառարանը կարող է հայալեզու օգտագործողին տալ այնպիսի հնարավորություններ, ինչպես, օրինակ, ռուսալեզու օգտագործողին տալիս է ABBYY Lingvo-ն:

Ա. Բոշյան - Մի քանի ամսից լույս կտեսնի Armenian PowerDictionary 2009-ը, որն իր մեջ կընդգրկի 200 000 թարգմանություն: Բառարանը լինելու է եռալեզու` ռուսերեն, հայերեն եւ անգլերեն: Հավատացնում են ձեզ, որ հայալեզու օգտագործողին այն ընձեռելու է շատ ավելի լայն հնարավորություններ, քան, օրինակ, ռուսալեզու օգտագործողին տալիս է Lingvo-ն: