15:21 | 17.04.09 | Նորություններ | 4204

Vivacell-MTS-ը գործարկել է 3G ցանցը

Երեւան /Մեդիամաքս/. Vivacell-MTS բջջային օպերատորն այսօր առեւտրային շահագործման է հանձնել 3G ցանցը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, այսօր Գյումրիում հանդես գալով նոր ցանցի շնորհանդեսին` Vivacell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ 3G ցանցի գործողության գոտում գտնվում են Հայաստանի երեք խոշորագույն քաղաքները` Երեւանը, Գյումրին եւ Վանաձորը, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսվում է ցանցի ծածկույթն ընդյալնել երկրի ամբողջ տարածքում:

ՄՏՍ ԲԲԸ փոխնախագահ Օլեգ Ռասպոպովն այսօր ասել է, որ “ՄՏՍ-ը ՀՀ բջջային հեռահաղորդակցության ոլորտում նոր դարաշրջան է բացում”: “Ռուսաստանում եւ Ուզբեկստանում ՄՏՍ-ի բաժանորդներն արդեն ըստ արժանվույն գնահատել են 3G ցանցի առավելությունները, իսկ այսօր 3G-ի նորարարական ծառայությունները հասանելի են դարձել նաեւ Vivacell-MTS-ի բաժանորդներին”,- ասել է ՄՏՍ-ի փոխնախագահը:

Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է, որ Vivacell-MTS-ը Հայաստանում առաջինն է գործարկել է 3G ցանց UMTS/HSPA տեխնոլոգիայի հիման վրա:

Ողջունելով Vivacell-MTS-ի 3G ցանցի գործարկումը` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նշել է այդ իրադարձության կարեւորությունը նաեւ Գյումրիում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասել է, որ “ի դեմս Vivacell-MTS-ի մենք գործ ունենք մի ընկերության հետ, որը սոցիալական պատասխանատվություն է կրում, պատրաստ է ներդրումների եւ մրցակցության”: Նա նաեւ նշել է, որ Vivacell-MTS-ը աջակցում է մարզերի հավասարաչափ զարգացման կառավարական ծրագրին, որում Գյումրին առաջին տեղում է: Էկոնոմիկայի նախարարն ընդգծել է ՀՀ-ում 3G ցանցի ներդրման կարեւորությունը` ասելով, որ դրա շնորհիվ Vivacell-MTS-ի բաժանորդները պասիվ օգտագործողներից կդառնան տեղեկատվության ակտիվ սպառողներ:

Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ այսօր ընկերությունն ունի 3G-ի 75 բազային կայաններ, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսվում է դրանց թիվը հասցնել 125-ի: “Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ Vivacell-MTS-ը կապահովի ակնթարթային անցում 2,5G ցանցից 3G-ի եւ հակառակը”,- ասել է նա` նշելով, որ լայնաշերտ ինտերնետի մեկ մեգաբայթի գինը հավասար է լինելու GPRS-ի 1 մեգաբայթի գնին:

Հայաստանում 3G ցանցի կառուցման նպատակով Vivacell-MTS-ի ներդրումների ընդհանուր ծավալը կկազի է $18 մլն: