Meta ընկերությունը նախատեսում է արդեն 2026 թվականին ավելացնել Name Tag ծածկանունով ֆունկցիա այն խելացի ակնոցներում, որոնք պատրաստում է Ray-Ban-ի եւ Oakley-ի հետ:

The New York Times-ի փոխանցմամբ` այն պետք է թույլ տա օգտատերերին նույնականացնել մարդկանց եւ ստանալ նրանց մասին տեղեկություն՝ AI օգնականի միջոցով։

Meta-ն ուսումնասիրում է` ինչպես լավագույնս կյանքի կոչել այդ ֆունկցիան։ Տարբերակներից մեկն է նույնականացնել մարդկանց, որոնց օգտատերը ճանաչում է ընկերության ծառայությունների միջոցով կամ ճանաչել անծանոթներին, սակայն միայն այն դեպքում, եթե նրանք ունեն հանրային հաշիվ Instagram-ում կամ այլ սոցիալական ցանցում։ Միաժամանակ ֆունկցիան թույլ չի տա որոնել տեղեկություն ցանկացած պատահական անցորդի մասին։

Պարբերականը նշում է, որ Meta-ի ծրագրերը կարող են փոխվել։ 2021 թվականին Meta-ն արդեն դիտարկել էր դեմքերի ճանաչման հնարավորությունը Ray-Ban խելացի ակնոցների առաջին տարբերակում ավելացնելու հարցը, սակայն այն ժամանակ հրաժարվել էր գաղափարից տեխնիկական եւ էթիկական խնդիրների պատճառով:

Ընկերությունում հայտնել են, որ հաճախ լսում են նման ֆունկցիաների նկատմամբ հետաքրքրության մասին։ Սակայն Meta-ն առայժմ «քննարկում է տարբերակները» եւ խոստանում պահպանել «կշռադատված մոտեցում»՝ որեւէ բան թողարկելուց առաջ։