Ucom-ը հայտարարել է զանգերի կենտրոնում Hecttor AI գործիքի ներդրման մասին:
Աշխարհում առաջինը խոսքի արագությունը իրական ժամանակում կարգավորող եւ հստակությունը բարելավող այս տեխնոլոգիան, որը մշակվել է Սիլիկոնյան հովտում գործող Saima Inc․ ընկերության կողմից, օգնում է յուրաքանչյուր զանգ դարձնել ավելի հստակ, հասկանալի եւ արդյունավետ՝ երկու կողմերի համար։
«Կարո՞ղ եք կրկնել» արտահայտությունը զանգերի կենտրոնների ամենահաճախ կրկնվող խնդիրներից է, որը ոչ միայն նվազեցնում է շփման արդյունավետությունը, այլեւ բացասաբար է ազդում ընդհանուր սպասարկման որակի վրա։ Hecttor AI-ը վերացնում է զանգերի կենտրոնների հիմնական խնդիրները՝ արագ եւ անհասկանալի խոսքը, ձայնի վատ որակը եւ ֆոնային աղմուկը: Սա զգալիորեն բարձրացնում է ծառայության որակը եւ հնարավորություն տալիս ընկերությանը ստանալ չափելի բիզնես-արդյունքներ՝ զանգերի կրճատված տեւողություն, խնդիրների ավելի արագ լուծում եւ հաճախորդների գոհունակություն։
«Ucom-ում մենք մշտապես առաջ ենք մղում նորարարական լուծումները, որոնք իրական ազդեցություն են ունենում մեր հաճախորդների փորձառության վրա։ Մեզ համար կարեւոր է, որ մարդիկ զգան՝ իրենց լսում են եւ իրենց խնդիրները լուծում են ճիշտ, արագ եւ հոգատարությամբ։ Այս տեխնոլոգիան մեզ հնարավորություն է տալիս հաջորդ քայլն անել սպասարկման որակի զարգացման մեջ՝ կիրառելով արհեստական բանականության այնպիսի գործիք, որն արդեն այսօր փոխում է ոլորտի միջազգային չափանիշները», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ucom-ի հետ համագործակցությունը մեզ համար կարեւոր քայլ է։ Այն վերահաստատում է, որ առաջատար օպերատորները տեսնում են Hecttor-ի իրական ազդեցությունը խոսքի հստակության, խնդիրների արագ լուծման եւ հաճախորդների գոհունակության վրա։ Հավատում ենք, որ միասին կարող ենք ստեղծել լավագույն փորձը ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում», – նշել է Saima-ի հիմնադիր տնօրեն Մնացական Շարաֆյանը:
Hecttor AI-ը նախագծված է «Անվտանգությունը՝ առաջնահերթություն» սկզբունքով, տվյալների լոկալ մշակումով եւ լիարժեք պաշտպանությամբ՝ ապահովելով անվտանգության բարձրագույն ստանդարտներ ինչպես Ucom-ի, այնպես էլ ընկերության բաժանորդների համար։ Տեխնոլոգիան արդեն հաջողությամբ կիրառվում է համաշխարհային հեռահաղորդակցության ընկերությունների, բանկերի եւ այլ խոշոր ձեռնարկությունների կողմից՝ դառնալով նրանց ձայնային հաղորդակցության հուսալի հիմքը։