16:51 | 10.03.25 | Նորություններ | 836

21-ամյա ուսանողն օգնում է անցնել տեխնիկական հարցազրույցները՝ AI-ի օգնությամբ

Կոլումբիայի համալսարանի 21-ամյա ուսանող Չունգին «Ռոյ» Լին ստեղծել է Interview Coder ծառայությունը, որը ծրագրավորողներին օգնում է տեխնիկական հարցազրույցներն անցնել հեռահար։

Այն կարող է կիրառվել, օրինակ, LeetCode հարթակում, որն օգտագործում են Meta, Google, Amazon եւ այլ խոշոր ընկերություններ։

Interview Coder-ը հասանելի է Windows եւ macOS համակարգերում, աջակցում է Zoom, Microsoft Teams, CoderPad, Amazon Chime, CodeSignal ու HackerRank հարթակները։ Ընկերությունն ասում է, որ ծառայության ինտերֆեյսը չի երեւա նույնիսկ էկրանի տեսագրման դեպքում։

Ծառայությունը վերլուծում է տեքստն ու խոսքը, ստեղծում կոդ, առաջարկում ուղղումներ եւ բացատրություններ բանավոր պատասխանների համար։ Օգտատերը տվյալները տեսնում է կիսաթափանցիկ պատուհանում, որը կարող է տեղափոխել էկրանի ցանկացած հատված, որպեսզի աչքերը «չվազեն» տարբեր կողմեր։

Meta-ի ինժեներ Ռայան Փիթերմանի խոսքով՝ LeetCode-ի առաջադրանքներն «ավելի բարդ են, քան իրական խնդիրները» եւ ծառայում են պարզապես թեկնածուներին ֆիլտրելու համար։

Սակայն դա հենց այն է, ինչից դժգոհում են ծրագրավորողները․ նրանք ստիպված են «ժամեր» անցկացնել գլուխկոտրուկներ լուծելու վրա, որոնք ոչ մի կապ չունեն առօրյա խնդիրների հետ եւ աշխատանքի ընդունման երաշխիք չեն տալիս։

«Ես կարծում էի, թե ուզում եմ աշխատել «մեծ տեխնոլոգիական» ընկերություններում, ուստի 600 ժամ ծախսեցի LeetCode վարժանքների վրա։ Մի պահ այդ ամենը սկսեց այնպես նյարդայնացնել, որ ես գրեթե թողեցի ծրագրավորումը»,- ասել է Interview Coder-ի հիմնադիր Չունգին «Ռոյ» Լին։

LeetCode-ի նկատմամբ այս դժգոհությունն էլ ստիպել է Լիին ստեղծել Interview Coder-ը։ Նա այն մշակել է AI-ի օգնությամբ մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում եւ հենց դրա շնորհիվ ստացել պրակտիկայի առաջարկներ Meta, TikTok եւ Amazon ընկերություններից։

Նա միակը չէ, գրում է CNBC-ն։ Աշխատանք փնտրողներին հոգնեցրել են իրական խնդիրներից կտրված «գլուխկոտրուկները»։ Բացի այդ, AI-ի կիրառումն աշխատանքում, միեւնույն է, չեն արգելում։ Interview Coder-ն ունի մրցակից՝ Leetcode Wizard, որը ստեղծվել է նույն գաղափարով։ Նրա հեղինակները նույնպես պնդում են, որ LeetCode-ի խնդիրները չեն արտացոլում իրական ծրագրավորման հմտությունները։

Երկու ծառայություններն էլ գործում են բաժանորդագրությամբ․ Interview Coder-ի ամսական բաժանորդագրության արժեքը $60 է, իսկ Leetcode Wizard-ինը՝ $53։ Լիի խոսքով՝ մինչեւ 2025թ․ մայիսի կեսերը ընկերության կանխատեսվող տարեկան եկամուտը (ARR) պետք է հասնի $1 մլն-ի։

Տեխնոլոգիական ընկերությունները տեղյակ են այս «խարդախության» մասին եւ փորձում են փոխել հարցազրույցների ձեւաչափը։ Google-ը սկսել է հարցազրուցավարներին հորդորել ավելի շատ պարզաբանող հարցեր տալ, Deloitte-ը վերականգնել է որոշ առերես հարցազրույցներ, իսկ Anthropic-ը (Claude չաթ-բոտի մշակողը) պահանջում է, որ թեկնածուները չօգտագործեն AI։ Նման արգելք է սահմանում նաեւ Amazon-ը։