15:43 | 24.02.25 | Նորություններ | 709

    Ամփոփվել են Plug and Play աքսելերացիոն ծրագրի արդյունքները

    Փետրվարի 22-ին ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Plug and Play միջազգային աքսելերատորի իրականացրած ծրագրի արդյունքները։

    Միջոցառման ընթացքում ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այն հնարավորություն է տվել հայկական ընկերություններին ստանալ բարձրակարգ մենտորություն, ներդրումային հնարավորություններ եւ հասանելիություն գլոբալ շուկաներին։

    «Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են մենտորները եւ Plug and Play-ի թիմն աշխատել ծրագրում ներգրավված ստարտափների հետ՝ ամենօրյա նպատակաուղղված աշխատանք կատարելով եւ նոր հնարավորությունների ճանապարհ բացելով նրանց համար»,- նշել է ԲՏԱ նախարարը։

    Plug and Play Germany GmbH-ի գործադիր տնօրեն Սաշա Քարիմպուրն ընդգծել է, որ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը հիանալի վիճակում է, քանի որ ստարտափների հիմնադիրներն ունեն նորարարական մտածողություն եւ համարձակ տեսլական։

    Plug and Play-ի ավագ կորպորատիվ նորարարության մենեջեր Ալֆրեդո Գոմես Սորիայի խոսքով՝ աքսելերացիոն ծրագրի ընթացքում ստարտափներին տրամադրվել է մոտ 920 ժամ մենտորություն 46-ից ավելի միջազգային մենտորների կողմից։ Ինչպես նաեւ, ծրագրի ընթացքում 250 հազար ԱՄՆ դոլարի չափի ներդրումների պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

    Ծրագրում ընդգրկված ստարտափները ներկայացրել են իրենց գործունեությունը, որից հետո տեղի է ունեցել պանելային քննարկում «Խթանելով ինովացիոն էկոհամակարգերը» թեմայով:

    Ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 119 ստարտափներից ընդգրկվել են 20-ը՝ Tactun, Kerpak, The Fintch, EdMap, Prodmap, Doctor Yan, Biocentric, Wearify, Hirebee, Zegashop, Moby, Sestive, Hoviv, FiveBrane, Text'nPayMe, Doccy, CaseLens, doodooc, LunarTech, Pearch AI ստարտափները։

    Մասնակիցներից 7-ը հնարավորություն են ունեցել նոյեմբերի 19-21-ը մասնակցել Plug and Play-ի Սիլիկոնյան հովտի «Ձմեռային գագաթնաժողով 2024»-ին։
    ՀՀ ԲՏԱ նախարարության նախատեսած բյուջեն կազմել է 336 միլիոն դրամ: