13:13 | 24.01.25 | Նորություններ | 1115

Մխիթար Հայրապետյանն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» վերազգային կորպորացիայի կողմից հիմնված PMI Science գիտահետազոտական կենտրոն։

Այն ամբողջ աշխարհում Ֆիլիպ Մորրիսի կողմից հիմնված խոշոր գիտահետազոտական կենտրոններից մեկն է՝ Շվեյցարիայի, Չինաստանի ու Իտալիայի կենտրոնների հետ միասին։

Կենտրոնում իրականացվող նպատակային աշխատանքներն ու զարգացման ծրագրերը նախարարին են ներկայացրել «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի պրոդուկտների եւ դրանց ստեղծման եւ զարգացման ընթացքի տեխնոլոգիայի փոխնախագահ Լուկա Ռոսսին եւ PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գուրգեն Մադոյանը։

Կարեւորելով PMI Science գիտահետազոտական կենտրոնի դերը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի համատեքստում՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է գիտահետազոտական (R&D) ուղղության զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության մոտեցումները, ինչն արտահայտված է վերջերս ընդունված եւ 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում եւ «ՀՀ հարկային օրենսգրքում» կատարված նոր կարգավորումներում։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի արտաքին կապերի եւ գիտական ներգրավվածության գծով կառավարիչ Վիկտորիա Պողոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորաներին եւ ենթակառուցվածքներին, հայկական ինժեներական գործընկեր կազմակերպությունների աշխատակիցները ներկայացրել են կենտրոնի հետ համատեղ ընթացիկ գործունեությունը, տարվող աշխատանքներն ու հնարավորությունները:

Այնուհետեւ տեղի է ունեցել հանդիպում Մաթեմատիկական գիտությունների կենտրոնի աշխատակիցների հետ՝ կենտրոնի ղեկավար Նարեկ Մելքոնյանի գլխավորությամբ։ Նախարարին է ներկայացվել ունեցած ձեռքբերումները, ինչպես նաեւ աշխատանքի ընթացքում ծագած խնդիրները։ Քննարկվել են խնդիրների լուծման մի շարք հնարավորություններ։

PMI Science գիտահետազոտական կենտրոնի մագիստրոսական եւ դոկտորական աստիճանների շահառուների, հրավիրված գիտնականների հետ էլ կայացել է կլոր սեղան-քննարկում՝ ֆունդամենտալ եւ կիրառական գիտության զարգացման մեջ մասնավոր ընկերությունների դերի, իրականացվող աշխատանքների, այդ ճանապարհին ծագած խնդիրների վերաբերյալ։

Քննարկվել են Հայաստանում գիտության առաջընթացին ուղղված մի շարք հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաեւ այս ոլորտում ունեցած ավանդույթներին, նվաճումներին ու ձեռքբերումներին, դրանց շարունակականությանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկումներ ունենալ այս ուղղությամբ։

Այցի ընթացքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է նաեւ համալսարանի տարածքով, ծանոթացել PMI Science-ի աջակցությամբ կառուցվող գիտական այգուն եւ բարեկարգման աշխատանքներին։