17:13 | 14.11.24 | Նորություններ | 1277

OVIO-ն գործարկել է OVIO Cloud ծառայությունը

OVIO ընկերությունը գործարկել է նոր OVIO Cloud ամպային ծառայությունը, որը կազմված է երկու կլաստերից` G-Cloud եւ B-Cloud:

G-Cloud կլաստերը նախատեսված է պետական հատվածի համար եւ ներառում է պետական մարմինների կարիքների համար նախատեսված ֆունկցիոնալ հնարավորություններ:

B-Cloud կլաստերը նախատեսված է բիզնեսի համար,  որի ֆունկցիոնալը հարմարեցված է բիզնեսի կարիքներին։

OVIO Cloud  ծառայությունը աշխատում է վերջին սերնդի Intel Xeon(R) Gold պրոցեսորներով, DDR5 օպերատիվ հիշողությամբ համալրված սերվերային համակարգում։ Տվյալների պահպանման համակարգը All-Flash է՝ բաղկացած արագագործ NVMe SSD-ներից։

Հիմնված լինելով նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ֆիզիկական սերվերների վրա՝ OVIO Cloud ծառայությունը հնարավորություն է տալիս աշխատացնել բարձր ծանրաբեռնվածություն պահանջող ծրագրային ապահովումները իր ամպային ծառայության շրջանակում։

Ամպային հարթակի սերվերներին, բացի ինտերնետ հասանելիությունից, հնարավոր է նաեւ միացնել  տվյալների փոխանցման առանձնացված կապուղիներ։ Ամպային հարթակում հնարավոր է կատարել սերվերների պահուստային կրկնօրինակներ՝ ինքնասպասարկման պորտալի միջոցով։

«Ամպային ծառայությունները մեր ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ են զբաղեցնում, եւ OVIO Cloud ամպային ծառայության գործարկումը ռազմավարական առումով կարեւոր քայլ ենք համարում։ Վերջինս հատկապես մեծ նշանակություն ունի պետական հատվածի համար, քանի որ նոր մակարդակի վրա է բարձրացնում տվյալների պահպանման հուսալիությունը։ OVIO Cloud ծառայության առավելություններից է նաեւ հաճախորդների ինքնասպասարկման պորտալը, որի միջոցով հաճախորդները հնարավորություն կունենան օնլայն տարբերակով կատարել փոփոխություններ ամպային ծառայությունների ծավալի եւ այլ պարամետրերի մասով» - նշել էOVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ամենախոշորն է տարածաշրջանում եւ կառուցված է TIER III սարքավորումների եւ ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներով, ինչը ենթադրում է սնուցում էլեկտրամատակարարման երկու բարձրավոլտ ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման եւ թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք եւ այլ առավելություններ։ Այս հուսալի ենթակառուցվածքը հաճախորդի համար կապահովի անխափան հասանելիություն տվյալներին եւ սպասարկում 24/7 ռեժիմով։

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնն ունի 216 սերվերային պահարան, ընդհանուր 2  ՄգՎ հզորություն եւ կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS եւ TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխան։

Այն ապահովում է տվյալների անվտանգ մշակում եւ պահպանում մեծ եւ փոքր բիզնեսի, ինչպես նաեւ պետական կառույցների համար` հնարավորություն տալով նաեւ խնայել թանկարժեք սարքավորումներ ձեռք բերելու եւ դրանց սպասարկման համար անհրաժեշտ հսկայական գումարները։

Կառույցը տեղակայված է Աբովյան քաղաքում՝ մայրաքաղաք Երեւանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա, որի ռազմավարական դիրքն ապահովում է հարմարավետություն եւ արագ հասանելիություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ տրամադրելով ամենատարբեր լուծումներ։