12:52 | 02.10.24 | Նորություններ | 1169

Մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը

Հոկտեմբերի 1-ին Երեւանում մեկնարկել է «Հայաստան. ճարտարագիտական շաբաթ 2024» միջոցառումների շարքը, որն անցկացվում է «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը եւ արվեստը» խորագրի ներքո։

Միջոցառման նպատակն է ներկայացնել ճարտարագիտության ոլորտի վերջին ձեռքբերումները, նպաստել Հայաստանում ճարտարագիտական համայնքի զարգացմանը, ինչպես նաեւ խրախուսել միջոլորտային համագործակցությունը:

«Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը համախմբում է ոլորտի փորձառու մասնագետներին, ուսանողներին, ճարտարագիտությամբ հետաքրքրվողներին, ինչպես նաեւ ամրապնդում միջոլորտային կապերն ու ստեղծում համագործակցության նոր ուղիներ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մանթաշյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել նմանատիպ նախաձեռնություններին։

«Հեշտ գործ չէ, բայց մենք ապավինում ենք ձեր տաղանդին եւ ունակություններին։ Մենք տեսնում ենք գլոբալ փոփոխություններ, ինչպես նաեւ մեծ պատիվ է այստեղ տեսնել բոլոր գործընկերներին եւ հյուրերին»,- ասել է փոխնախարարը։

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ընդգծել է ճարտարագիտության եւ բարձր տեխնոլոգիաների դերը Հայաստանի զարգացման համար՝ ինչպես տնտեսության եւ արդյունաբերության, այնպես էլ Հայաստանի՝ միջազգային ասպարեզում դիրքավորման տեսանկյունից:

«Կարեւոր է գիտակցել այն ազդեցիկ ներուժը, որը ճարտարագիտությունն ու բարձր տեխնոլոգիաները կարող են ունենալ Հայաստանի զարգացման համար: Այս միջոցառումը միավորում է բոլոր կարեւոր շահագրգիռ կողմերին՝ խթանելով նորարարությունը եւ համագործակցությունը: «Հայաստան - Ճարտարագիտության շաբաթ 2024»-ը ոչ միայն մեր առաջընթացի ցուցադրումն է, այլեւ հարթակ է կարեւոր հարցերի բարձրացման, գիտելիքի եւ հմտությունների փոխանակման եւ կայուն զարգացման խթանման համար: Այսօր այս սենյակի ինժեներները վաղվա աշխարհի ճարտարապետներն են, որտեղ նորարարությունն ու հնարամտությունը սահմաններ չունեն»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը։

Միջոցառման երկրորդ օրը Ինժեներական քաղաքում կներկայացվի ինժեներական տեխնոլոգիաների ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն շուկայի զարգացումները, Ինժեներական քաղաքի արտադրանքը, ուսանողների աշխատանքները։

Ցուցադրություններից հետո ներկաները հնարավորություն կունենան մասնակցելու նորարարական տեխնոլոգիաների կիրառության, կիբերանվտանգության եւ այլ թեմաներով պանելային քննարկումներին եւ սեմինարներին։

«Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւ Ինժեներական ասոցիացիան՝ պետական, մասնավոր ու միջազգային մի շարք գործընկեր կառույցների եւ ծրագրերի հետ համագործակցությամբ։