14:55 | 02.09.24 | Նորություններ | 6133
Armenian Code Academy-ն (ACA) եւ Yandex Armenia-ն Engineering Deep Dive անվճար ծրագրի համար հավաքագրում են նոր back-end ծրագրավորողների:
Ուսումնական ծրագիրը նախատեսված է առնվազն երկու տարվա փորձ ունեցող ծրագրավորողների համար: Ուսանողները հնարավորություն կունենան յուրացնելու ժամանակակից լավագույն մեթոդաբանությունները եւ կատարելագործելու back-end ծրագրավորման հմտությունները, մասնակցելու համակարգչային խոշոր, մասշտաբային ճարտարապետությունների ստեղծմանը եւ ցանկացած բարդության խնդիրների լուծմանը: Engineering Deep Dive ծրագիրն առաջին անգամ մեկնարկել է անցյալ տարի:
Ուսուցումը հայերեն է, առկա տարբերակով՝ երեկոյան ժամերին, հոկտեմբերից դեկտեմբեր:
Ընդհանուր առմամբ, դասընթացն ունի 26 տեղ, ուսուցումն անվճար է (վճարում է Yandex Armenia-ն), բայց պետք է անցնել քննությունն ու հարցազրույցը: Անցյալ տարի կազմակերպիչներն ավելի քան 700 հայտ են ստացել։
«Շատ հաճելի է, որ նախագիծը հաջող ընթացք ունեցավ, եւ մենք հավաքագրում ենք ուսանողների արդեն հաջորդ կուրսի համար։ Ուրախալի է նաեւ, որ անցյալ տարվա շրջանավարտների մեծ մասն աղջիկներ էին, ինչը մեր երկրի համար հուսադրող ցուցանիշ է։ Եվ, իհարկե, այս կրթական ծրագիրը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չունենայինք Yandex Armenia-ի նման գործընկեր, որը գնահատում է կրթությունը եւ մշտապես իր ներդրումն է ունենում ՏՏ ոլորտի զարգացման գործում»,- ասել է ACA-ի համահիմնադիր եւ տնօրեն Նարեկ Ասլիկյանը։
Engineering Deep Dive ծրագրի թեմաներն են՝ ալգորիթմներն ու տվյալների կառուցվածքը, օբյեկտ կողմնորոշված վերլուծությունը, նախագծման օրինաչափությունները, կոդի վերամշակումը եւ այլն:
«Մեզ համար կարեւոր է աջակցել այնպիսի կրթական ծրագրերի, որոնք զարգացնում են մասնագետների թվային հմտությունները։ Միայն այդ հմտություններով է հնարավոր երկրում ձեւավորել համապատասխան միջավայր, որտեղ կզարգանա թվային տնտեսությունը։ Այլ կերպ ասած՝ մեր նպատակն է նմանօրինակ նախագծերի միջոցով նպաստել թվային տնտեսության զարգացմանը։ Եվ, իհարկե, մենք միշտ ուրախ ենք հրավիրել շրջանավարտներին մեզ մոտ աշխատանքի»,- նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։
Մասնակցության հայտ կարող եք ներկայացնել https://bootcamps.aca.am/yandex հղումով: