17:24 | 29.07.24 | Նորություններ | 1344

Ֆեմիննոն 3-րդ անգամ կանանց ու նորարարության տոն է բերել Երեւան

Հուլիսի 27-28-ին հայկական ՖԵՄԻՆՆՈ կազմակերպությունը արդեն երրորդ անգամ իրականացրել է կանանց եւ նորարարության շուրջ ամենամեծ կոնֆերանսը Հայաստանում։

Մեկ հարկի տակ հավաքված 50-ից ավելի խոսնակները երկու օրվա ելույթների եւ աշխատարանների շրջանակում քննարկել են տեխնոլոգիական աշխարհի ամենաթեժ թեման՝ արհեստական բանականությունն ու դրա ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտների վրա։

Կոնֆերանսի բացման ժամանակ ազդարարվել է նաեւ նոր համագործակցությունը WCIT կոնֆերանսի հետ։ Ֆեմիննոյի հիմնադիր Սեդա Պապոյանն ու WCIT 2024-ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը հուշագիր են ստորագրել։

Ֆեմիննո կոնֆերանսի հյուրերի շարքում էր դանիացի Իդա Թինը, որ հանդիսանում է աշխարհում ֆեմթեք/femtech տերմինի ստեղծողը դեռ 2016 թվականին։ Նրա ստեղծած Clue բջջային հավելվածը համարվում է կանանց առողջությանը նվիրված թիվ մեկ հավելվածն աշխարհում, որն ունի 15 միլիոնից ավելի օգտատեր մոտ 180 երկրում։

Խոսնակների շարքում էին արհեստական բանականության եւ տվյալների կառավարմամբ զբաղվող ստարտափի հիմնադիր Սաբրինա Փալմը Մեծ Բրիտանիայից, արհեստական բանականության հետազոտ Եվգենիա Ստամբոլիեւը Ավստրիայից, հայկական ՖԱՍԹ հիմնադրամի ղեկավար Արմեն Օրուջյանը, ում առաջնորդությամբ իրականացվում է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը հանրակրթական դպրոցներում, համաշխարհային հռչակի հասած հայկական ստարտափ Պիկսարտի տնօրեններից Մադլեն Մինասյանը, դանիացի Ներմին Ղոնիեմը, ով արհեստական բանականության դանիական ազգային կենտրոնի խորհրդի անդամ է, եւ ուրիշներ։

«Մենք արդեն վստահ կարող ենք ասել, որ ամեն տարի հուլիսի վերջին Ֆեմիննոյի շնորհիվ կարողանում ենք ստեղծել միջազգային տոն կանանց եւ նորարարության շուրջ, որը Հայաստանը նոր ձեւով տեսանելի ու հետաքրքիր է դարձնում աշխարհի համար։ Մենք վերահաստատում ենք, որ Հայաստանում ու ամենուր կանայք մեծ ներուժ ունեն նորարարության բոլոր շերտերում», - նշել է Ֆեմիննոյի հիմնադիր ղեկավար Սեդա Պապոյանը։

Ֆեմիննոյի «Հայաստան» բեմում իրենց փորձառությունը կիսել են հայկական ՏՏ ընկերությունների առաջատար մասնագետներն ու ղեկավարները։

Ֆեմիննո 2024 կոնֆերանսի ավարտին ամփոփվել է կազմակերպության ամենամյա կրթաթոշակային ծրագիրը, որը կրում է Սոնա Մնացականյանի անունը։ 8 երիտասարդ աղջիկ ստացել է կրթաթոշակ` գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում իրենց կրթական նպատակներին հասնելու համար։

Առաջիկայում Ֆեմիննո հարթակը նախատեսում է Նյու Յորք տանել իր ճամփորդող կոնֆերանսների ձեւաչափը, որ կոչել են արբանյակ։ Նախորդ «արբանյակները» հասել են մինչեւ Սան Ֆրանցիսկո եւ Սիդնեյ։