14:52 | 25.07.24 | Նորություններ | 1154

Դիլիջանում ընթանում է 10-րդ «Արմաթ» տեխնոճամբարը

Հուլիսի 19-ից 28-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվում է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարը՝ նախատեսված 10-14 տարեկան պատանիների համար:

Հայաստանի բոլոր մարզերից մասնակիցները միավորվել են կրթության, ժամանցի, սպորտի, մշակույթի եւ հայրենաճանաչողական արշավների շուրջ՝ ստանալու հիմնարար գիտելիք, գործնական հմտություններ ու թիմում աշխատելու փորձ։ Սա հետագայում նրանց հնարավորություն կընձեռի առավել համարձակ շարունակել իրենց դասընթացները, կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում։

Ճամբարին մասնակցելու են նոր Արմաթներ հաճախող եւ նույնիսկ Արմաթ չհաճախող պատանիները: Նպատակն է մասնակիցներին խտացված օրակարգով հիմնովի պատկերացում տալ ճարտարագիտական աշխարհի մասին, համայնքի մաս դարձնել, որն էլ իր հերթին նրանց հետագա ուսումնառությունն ավելի արդյունավետ կդարձնի:

Ճամբարում երեխաների առօրյան հագեցած է ռոբոտաշինության մրցույթի նախապատրաստությամբ, Ողջ մնալու արվեստի վարժանքներով, առաջին բուժօգնության դասընթացով, ջոկատների միջեւ լողի ու ֆուտբոլի առաջնությամբ, ինտելեկտուալ ու ժամանցային խաղերով, քայլարշավով եւ այլն։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 27-ին։ Ճամբարի օրակարգը՝ այստեղ։

Այս տարի «Արմաթ» տեխնոճամբարի իրականացման աջակիցներն են ԿԳՄՍ նախարարությունը, VMware, Adobe, ZCMC, Մասիս եւ Մոսկվայի Տուն ընկերությունները: