18:00 | 24.06.24 | Նորություններ | 13833

Viva University-ն ունի շուրջ 300 շրջանավարտ 9 տարվա ընթացքում

Վիվա-ՄՏՍ-ն ազդարարել է «Viva University» (Վիվա Յունիվերսիթի) կրթական ծրագրի հերթական փուլի մասին:

Տարիների փորձը կիսելու Վիվա-ՄՏՍ-ի պատրաստակամությունը մեծ ներդրում է աշխատող-գործատու օղակում առաջընթաց արձանագրելու համար: 2015 թվականից իրականացվող «Viva University» ծրագիրը կարեւոր հարթակ է՝ բուհերի ուսանողների մասնագիտական կողմնորոշման համար: Դրան մասնակցելու հնարավորություն են ստանում ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ` մարզերի ուսանողները, ինչը կարեւոր է նաեւ մայրաքաղաքից դուրս մասնագիտական կարողությունների զարգացման հարցում:

Ինը տարվա ընթացքում տեսական, գործնական գիտելիքներ, անհրաժեշտ հմտություններ եւ զարգացման մեկնարկային հնարավորություն է ստացել ավելի քան երեք հարյուր շրջանավարտ: Վաճառքի եւ բաժանորդների սպասարկման, իսկ վերջին տարիներին նաեւ ՏՏ ոլորտում գիտելիք ու հմտություն ձեռք բերած 45 երիտասարդ ավարտական հավաստագիր է ստացել, ինչը փորձառության փաստ եւ առավելություն է՝ աշխատաշուկա մտնելու համար: Լավագույններից 13-ը համալրել է Վիվա-ՄՏՍ-ի շարքերը:

Քառասունհինգ հոգուց բաղկացած ուսանողների հերթական խումբը նախ անցնելու է տեսական, ապա՝ գործնական դասընթացներ: Ուսանողներն իրենց նախընտրելի կամ բնակության վայրին մոտ գտնվող սպասարկման կենտրոններում ձեռք են բերելու բաժանորդի հետ հաղորդակցման եւ բարեկիրթ սպասարկման հմտություն:

«Որեւէ տեղ աշխատելու եւ հաջողված մասնագետ լինելու համար, տեսական եւ գործնական գիտելիքներին զուգահեռ, անհրաժեշտ է անընդհատ սովորելու պատրաստակամություն, պատասխանատվություն, հետեւողականություն, նպատակասլացություն, թիմում աշխատելու, միմյանց հարգելու եւ արդյունավետ համագործակցության հմտություն: Այս կրթական ծրագիրն այդ ամենին տիրապետելու հնարավորություն է: Դուք տեսնելու եք, թե ինչպես են միմյանց հետ աշխատում Վիվա-ՄՏՍ-ի տարբեր վարչությունների եւ նույն թիմում ամենօրյա ռեժիմով հաղորդակցվող աշխատակիցները: Ձեզ սպասում է հաճախորդների հետ շփվելու, նրանց արդյունավետ առաջարկ ներկայացնելու եւ բարձրակարգ սպասարկելու՝ հետաքրքիր աշխատանք: Ձգտե՛ք հասնելու լավագույն արդյունքի: Ի դեպ, նախորդ տարվա մեր շրջանավարտներից լավագույն տասներեքը համալրել են Վիվա-ՄՏՍ-ի շարքերը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Մայրաքաղաքում եւ մարզերում «Viva University» կրթական ծրագրի երկամսյա դասընթացներն իրականացվում են Վիվա-ՄՏՍ-ի Մարդկային ռեսուրսների եւ Բաժանորդների սպասարկման վարչությունների համատեղ ջանքերով: