11:28 | 14.06.24 | Նորություններ | 1514

Picsart-ը կհամագործակցի Getty Images-ի հետ՝ մշակելու հատուկ AI մոդել

Հայկական Picsart-ը հայտարարել է, որ կհամագործակցի Getty Images-ի հետ՝ հատուկ AI մոդել մշակելու նպատակով:

Մոդելը կմշակվի զրոյից եւ կվերապատրաստվի բացառապես Getty Images-ի լիցենզավորված ստեղծագործական բովանդակության վրա: Ընկերությունն ասում է, որ համագործակցությունը Picsart-ի բաժանորդներին հնարավորություն կտա ստեղծել իրենց յուրահատուկ պատկերները՝ ունենալով ամբողջական կոմերցիոն իրավունքներ:

AI-ի կողմից ստեղծված պատկերների եւ հեղինակային իրավունքի հետ կապված աճող մտահոգությունների ֆոնին՝ Picsart-ն ստեղծում է բացառապես լիցենզավորված բովանդակության վրա ուսուցանված իր սեփական մոդելը, որը օգտատերերին կտրամադրի AI-ի անվտանգ ստեղծագործական գործիքներ։  

«Picsart-ն առաջարկում է խմբագրման գործիքներ ամեն ինչի համար՝ սոցիալական մեդիայի գովազդից մինչեւ վեբ կայքերի գրաֆիկա, եւ այս համագործակցությունը հնարավորություն կտա համաշխարհային բրենդից ստեղծել առեւտրային օգտագործման համար AI պատկերներ։ Մենք ոգեւորված ենք համագործակցելու Getty Images-ի՝ ամենահեղինակավոր առեւտրային գրադարանի հետ», - ասել է Picsart-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Հովհաննես Ավոյանը:

Picsart-ը նախատեսում է մոդելը թողարկել այս տարվա վերջին: Ընկերությունը կինտեգրի նաեւ Getty Images-ի վիդեո բովանդակությունը Picsart-ի հարթակում եւ հասանելի կդարձնի այն Plus օգտատերերին: