10:46 | 08.05.24 | Նորություններ | 1558
Ազգային .հայ դոմենի ծննդյան առիթով «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, Համընդհանուր ընդունում շարժման (Universal Acceptance) շրջանակում մայիսի 7-ին նախաձեռնել էր իրազեկման միջոցառում` տեխնիկական համայնքի ներկայացուցիչների համար։
Նպատակը համաշխարհային Համընդհանուր ընդունում շարժման համատեքստում գլոբալ եւ տեղական մակարդակում կատարվող քայլերը ներկայացնելն էր։
Արդեն 8 տարի է, ինչ գործում է .հայ հայատառ դոմենը, նախորդ տարվանից ԻՀ ՀԿ մասնագետները հնարավոր են դարձրել նաեւ լիովին հայատառ էլ. հասցեների փորձնական գործարկումը։
«անուն@էլփոստ.հայ եւ անուն@իհ.հայ էլ. հասցեների տիրույթները, որոնք ստեղծել ենք վերջին երկու տարում, շատ ավելի ապահով ու անվտանգ են։ Մյուս համակարգերը դեռեւս չեն գեներացնում հայատառ գաղտնաբառեր։ Վերջին շրջանում ազգային լեզուներով դոմեններն ու էլ. հասցեներն ընդունող համակարգերի քանակը նկատելիորեն ընդլայնվել է»,- նշել է ԻՀ ՀԿ խորհրդի անդամ եւ տեխնիկական թիմի ղեկավար Արամ Վերդյանը։
«Մեր կազմակերպությունը .հայ դոմենի եւ ընդհանրապես, համացանցում հայկական ներկայության ընդլայնման նպատակով լուրջ ջանքեր է ներդրել։ Նաեւ ակտիվորեն համագործակցում ենք ոլորտի հզոր դերակատարների հետ, ինչպիսին Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան է՝ ICANN-ը»,- նշել է ԻՀ ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։
Որպես Համընդհանուր ընդունման կարեւոր բաղադրիչ` անդրադարձ է կատարվել հայերեն բաց տվյալների գեներացման խնդրին։
«Հայերեն բաց տվյալների քանակը որոշիչ կարող է լինել հայերենի պահպանության հարցում։ Այդ տվյալներն են այն միջոցը, որով օգտագործում ենք արհեստական բանականության գործիքները։ Իսկ պետքական արդյունքի հասնելու համար հայերեն տվյալների բազան դեռ շատ փոքր է»,- փաստել է Buymie LTD մեքենայական ուսուցման մասնագետ Մհեր Երզնկանյանը եւ ներկայացրել բազան ձայնային տվյալներով համալրելու ամենահարմար գործիքները։
Անդրադառնալով Համընդհանուր ընդունման հարցում հաջողելու ուղիներին՝ ԻՀ ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանն ընդգծել է, որ փորձում են հայատառ .հայ դոմենի կիրառելիությունն ընդլայնելու համար համագործակցել նաեւ կառավարության հետ։
Հայաստանը, ի դեմս .am-ի ռեգիստր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի, միացել է «Համընդհանուր ընդունում» համաշխարհային շարժմանը եւ 2023-ին հյուրընկալել ՀԸ տարածաշրջանային առաջին համաժողովը։
Շարժումը նախաձեռնել է Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան (ICANN)՝ համագործակցելով ոլորտի առաջատար Google, Apple եւ այլ ընկերությունների հետ։ Նպատակը ոչ լատինատառ դոմենները եւ էլ. փոստերն աշխարհում բոլոր սարքերի, հավելվածների ու համակարգերի համար ընդունելի եւ կիրառելի դարձնելն է, ինչպես նաեւ ինտերնետ հանրությունն ընդլայնելը՝ ինտերնետ հասանելիության ապահովմամբ։