16:19 | 16.04.24 | Նորություններ | 1521
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը։
Ներկայացվել են հետեւյալ արդյունքները․
Ռազմարդյունաբերության ոլորտ
Մշակվել է 1 օրենքի նախագիծ, կատարվել է 3 գործող որոշումների փոփոխություն, 3 նոր որոշումների նախագծերի մշակման եւ շրջանառման աշխատանքներ: Նախաձեռնվել եւ շրջանառվել է ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նոր կառուցվածքի նախագիծը։ Իրականացվել են ներքին փորձարկումներ՝ մի քանի զինատեսակի եւ կառավարման համակարգերի գծով, որոնք մոտ ապագայում հնարավոր կլինի կիրառել ՀՀ զինված ուժերում:
Բարձր տեխնոլոգիաների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ
Նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող նոր օրենսդրական փաթեթի մշակման ուղղությամբ։
«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրում կատարվել են փոփոխություններ: Այս տարի ծրագիրը կիրականացվեն հետեւյալ ուղղություններով՝
• Մասսայական ուսուցում. նախատեսվում է տեխնոլոգիական ոլորտի բազային գիտելիքներ մատուցել 3 մարզի՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի շուրջ 300 մասնակիցների համար:
• Կարողությունների զարգացում. դրամաշնորհներ կհատկացվեն ՏՏ եւ ինժեներական ոլորտի կազմակերպություններին՝ նոր աշխատողների ներգրավման եւ աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով:
• Գործնական հմտությունների կատարելագործում. նախատեսվում են եռօրյա միջոցառումներ՝ հաքաթոններ կազմակերպել ԲՏ ոլորտի կազմակերպությունների, գիտական եւ կրթական կենտրոնների մասնակցությամբ:
Տիեզերական ոլորտ
2024թ. հունվարին Հայաստանում ստեղծվել է արբանյակային տվյալների ընդունիչ կայան։
• 2024թ. մարտի 27-ին Հայաստանի երկու արբանյակները գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում:
• Սկսվել է «Արմսաթ 1» արբանյակից ստացված տվյալների կիրառությունը։
• Քայլեր են ձեռնարկվել «Արմսաթ 1» արբանյակի կարողությունները ՀՀ ոլորտային գիտական ուղղություններին ծառայեցնելու ուղղությամբ:
Թվայնացման ոլորտ
Շրջանառվել է «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունմամբ իրավական հիմք է ստեղծվում կիբեռանվտանգության մարտահրավերներին, դրանց արձագանքելու, կիբեռանվտանգության ապահովման եւ հասարակության լայն շրջանակների իրազեկման եւ կիբեռգրագիտության մակարդակի բարձրացման համար:
Մեկնարկել են «Ամպային առաջինը» (Cloud First) քաղաքականության մշակման, ներդրման եւ դրա իրավական հիմքերի ստեղծման աշխատանքները։ Անցումն ամպային ծառայության հնարավորություն կտա հրաժարվել ավանդական եւ մեծածավալ ռեսուրսներ պահանջող սերվերային տնտեսություններից:
Կապի ոլորտ
Նախատեսվում է թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման ծրագիր։ Շատ կարեւոր էր բազային եւ շարժական մոնիթորինգի համակարգի ներդրումը։ Այդ ուղղությամբ տեւական ժամանակ աշխատանքներ իրականացվել են եւ դրանք շարունակական են։ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց (ՀՀՌՑ) ընկերության պատվիրատուներին մատուցված ծառայությունների մասով տասնամյակների ընթացքում կուտակված դեբիտորական պարտքերը մարվել են։
Փոստի ոլորտ
ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Փոստային կապի օպերատորի գործունեության» եւ «Սուրհանդակային օպերատորի գործունեության» կանոնակարգերում։