14:23 | 27.02.24 | Նորություններ | 1117
Փետրվարի 24-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Sololearn ընկերության կողմից անցկացվել է «Քո աշխատանքի բանալին․․․» նախաձեռնության 1-ին խմբի մրցութային փուլի ամփոփիչ միջոցառումը։
Շարունակական բնույթ կրող այս նախաձեռնությունն անվճար է, մասնակցում են վեբկայքերի կամ հավելվածների ծրագրավորման տարբեր լեզուներով, ինչպես նաեւ տվյալագիտությամբ հետաքրքրված մարզաբնակ 15-29 տարեկան երիտասարդները։ Մասնակցության ընթացքում երիտասարդները Sololearn հարթակի միջոցով ստանում են ծրագրավորման տարբեր լեզուների վերաբերյալ բազային գիտելիք, անցնում տարբեր դասընթացներ՝ զուգահեռաբար վաստակելով միավորներ։ Երկու ամսվա ընթացքում նախաձեռնության 150-ից ավելի մասնակից ՀՀ տարբեր մարզերից ծանոթացել է ծրագրավորման հիմունքներին եւ օնլայն հարթակի շնորհիվ սովորել ծրագրավորման տարբեր լեզուներ։
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանի խոսքով՝ նախաձեռնությունը ընդլայնում է մարզաբնակ երիտասարդների հնարավորությունները, որոնք կարողանում են առանց իրենց համայնքից դուրս գալու ծանոթանալ ծրագրավորման սկզբունքներին ու լեզուներին, ձեռք բերել որոշակի գիտելիք ու հմտություններ։
Ամենաբարձր արդյունք գրանցած գյումրեցի Սլավիկ Ավետիսյանը նշել է, որ «Քո աշխատանքի բանալին․․․» ծրագրավորման գիտելիքները գործնականում կիրառելու լավ հնարավորություն էր․ «Նախաձեռնությունը գերազանցեց բոլոր սպասելիքներս, ծրագրավորման գիտելիքները դեռ այսքան հեշտ ու հասանելի չեն եղել»:
Ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել հանդիպել ՏՏ առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։ ArmBionics ընկերության գործադիր տնօրեն, համահիմնադիր Մարինա Դավթյանը, Krisp ընկերության Արտադրանքի եւ զարգացման բաժնի ղեկավար Աստի Պիլին եւ Ինժեներական բաժնի ղեկավար Մելիք Կարապետյանը խոսել են իրենց ընկերությունների արտադրանքի, աշխատանքային գործընթացների ու հաջողության հասնելու իրենց ճանապարհների մասին։
Նախաձեռնության մասնակիցների մի մասը մոտակա ամսվա ընթացքում ուսուցողական վարձատրվող պրակտիկա կանցնի Հայաստանի տարբեր ընկերություններում՝ սկսելով աշխատանքային կարիերան:
Նախաձեռնությունը շարունակական է, հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 1-ից։ Հավաքագրումը ներկայում դեռ ընթացքի մեջ է, եւ հետաքրքրված երիտասարդները Հայաստանի բոլոր մարզերից կարող են գրանցվել այստեղ։
Նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։