11:57 | 27.10.23 | Նորություններ | 1600

Meta-ի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 164%-ով

Meta-ն հրապարակել է 2023 թվականի երրորդ եռամսյակային հաշվետվությունը, որի համաձայն ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 164%-ով, իսկ Reality Labs ստորաբաժանումը շարունակել է կորուստներ կրել։

Շահույթն աճել է գովազդային վաճառքի եւ ընկերության «արդյունավետության տարվա» շնորհիվ:

Meta-ի եկամուտը 2023 թվականի երրորդ եռամսյակի համար տարեկան կտրվածքով աճել է 23%-ով՝ հասնելով 34,15 մլրդ դոլարի։ Սա ամենաարագ եռամսյակային աճն է 2021 թվականից ի վեր, գրում է CNBC-ն։

Զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 164%-ով՝ հասնելով 11,58 մլրդ դոլարի: 2022թ.-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 2021թ.-ի համեմատ կիսով չափ էր՝ 4,4 մլրդ դոլար: Վերլուծաբանները շահույթի աճը կապում են Meta-ի խնայողությունների, գովազդային վաճառքի վերականգնման եւ սեփական գովազդային գործիքների արդյունավետության մեջ ներդրումներ կատարելու հետ։  

Reality Labs ստորաբաժանումը, որը զբաղվում է AR/VR սարքերով եւ մետավերսով, 3,7 միլիարդ դոլարի վնաս է կրել: Ընկերությունը պարզաբանել է, որ նախորդ տարվա համեմատ կորուստներն աճում են, քանի որ շարունակում են ակտիվորեն ներդրումներ կատարել AR/VR զարգացումներում: Meta-ի 2024 թվականի գլխավոր առաջնահերթությունը արհեստական բանականությունն է։

Meta-ի ընդհանուր արժեքը եւ ծախսերը տարեկան կտրվածքով նվազել են 7%-ով եւ կազմել 20,4 մլրդ դոլար, իսկ տարվա ընթացքում դրանք պետք է կազմեն 87-89 մլրդ դոլար։

Ընկերությունն ակնկալում է 36,5-40 մլրդ դոլար եկամուտ չորրորդ եռամսյակի համար։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ Meta-ում աշխատում է 66,1 հազար մարդ, ինչը տարեկան կտրվածքով 24%-ով պակաս է։