11:48 | 16.10.23 | Նորություններ | 1254
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է «Թումոն Արցախի պատանիների համար» նախաձեռնության մեկնարկի մասին՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված 12-18 տարեկան պատանիների կարիքների ապահովմանը:
Բազմամյա եւ համապարփակ նախաձեռնությունը արցախցի պատանիների կողքին կլինի պատանեկության ողջ ընթացքում՝ տրամադրելով բազմակողմանի աջակցություն նրանց բարեկեցության եւ նոր միջավայրում առողջ ինտեգրման ապահովման համար:
Վերջին 12 տարվա ընթացքում Թումոն աշխատել է տասնյակ հազարավոր պատանիների, այդ թվում հազարավոր արցախցիների հետ՝ Ստեփանակերտի Թումո կենտրոնի եւ Ասկերանում, Մարտակերտում եւ Մարտունիում գործող Թումո տուփերի միջոցով: Այժմ Թումոն գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հանձն է առնում Արցախից բռնի տեղահանված պատանիների կարիքների գնահատումը, ինչպես նաեւ պետական եւ միջազգային կառույցների եւ հասարակական կազմակերպությունների կողմից նրանց տրամադրվող ծառայությունների համակարգումն ու մոնիթորինգը: Նախաձեռնության իրականացման համար ստեղծված հատուկ աշխատանքային խումբը կհամագործակցի տվյալների հավաքագրման, սոցիալական աշխատանքի եւ ծառայությունների մատուցման գործում մասնագիտացած կազմակերպությունների հետ:
Նախաձեռնության հիմնական ուղղություններն են`
• Կապի պահպանում Արցախից տեղահանված յուրաքանչյուր պատանու հետ՝ այս պահից մինչեւ նրանց 19 տարեկանը լրանալը կամ մինչեւ այլեւս աջակցության կարիք չունենալը:
• Թումոյի կրթական ծրագրին միանալու համար անհրաժեշտ աջակցության տրամադրում:
• Շարունակական մոնիթորինգ՝ գնահատելու պատանիների բնակարանային, առողջապահական, հոգեկան առողջության, կրթության ֆինանսավորման, սարքավորումների հասանելիության, բուհական ընդունելության, կարիերայի խորհրդատվության եւ այլ ծառայությունների կարիքները:
• Շահերի պաշտպանի դերի ստանձնում՝ ապահովելով պատանիների կապը ծառայություններ տրամադրող կառույցների եւ կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ ծառայությունների տրամադրման մոնիթորինգի իրականացում կանոնավոր ստուգումների միջոցով:
• Դրամահավաքների իրականացում, հավաքագրված միջոցների ուղղորդում դեպի ծառայություններ մատուցող կազմակերպություններ եւ համապատասխան հաշվետվությունների տրամադրում նվիրատուներին:
«Մենք բոլոր հայ պատանիներին մեր զավակներն ենք համարում: Մեր արցախցի պատանիներն ավելի քան երբեւէ մեր աջակցության կարիքն ունեն, բայց մենք էլ նրանց կարիքն ունենք: Օգնելով մեր հայրենակից պայծառ երիտասարդներին ոտքի կանգնել եւ իրացնել իրենց ողջ ներուժը հանուն բարեկեցիկ եւ ապահով ապագայի՝ շահելու ենք բոլորս»,- ասել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Նախաձեռնության ադմինիստրատիվ ծախսերը կփակվեն Թումո Հայաստան արշավի միջոցով՝ ապահովելով համակարգողների, սոցիալական ծառայությունների մասնագետների եւ զանգերի կենտրոնի աշխատակիցների ներգրավվածությունը ծրագրում: Թիմին միանալու հայտերն ընդունվում են այստեղ։
Նախաձեռնությանը հնարավոր է աջակցել մի շարք եղանակներով՝ այդ թվում ներդնելով մասնագիտական հմտությունները կամ կատարելով նվիրատվություն: Նախաձեռնության հետ կապված հարցերով Թումոյի հետ կարող եք կապ հաստատել artsakh.teens@tumo.org հասցեով, իսկ նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ եւ նվիրատվության մեկնաբանության մեջ նշել «Արցախի պատանիների համար»: