10:49 | 06.10.23 | Նորություններ | 3093

Կայացել է Ինստիգեյթի ներդրումային նախագծերի բաց միջոցառումը

Կայացել է «Ինստիգեյթի» ներդրումային նախագծերի ներկայացման բաց միջոցառումը, որի ընթացքում հանձնաժողովին եւ մասնակիցներին ներկայացվել է 8 ներդրումային նախագիծ։

Քվեարկության արդյունքում կատարվել է դրամագլխի տեղաբաշխումը, այնուհետեւ տեղի է ունեցել պանելային քննարկում ներդրումային արվեստանոցի վերաբերյալ։

Հանձնաժողովի կազմում էին Granatus Ventures ընկերության համահիմնադիր Մանուկ Հերգնյանը, Formula VC գործընկեր Կարեն Վարդանյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը, AICA կազմակերպության հիմնադիր-նախագահ Արթուր Միքայելյանը, SmartGateVC ներդրումային գործընկեր Մանե Եգանյանը, BigStoryVC համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը, գործարար Ադամ Կապլանյանը, FiveBrane ընկերության հիմնադիր-տնօրեն Աննա Շահինյանը, AI-ID ընկերության ծրագրային ապահովման զարգացման ավագ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը եւ Farm Credit ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը։

«Ինստիգեյթն այն հազվադեպ ընկերություններից է, որը կարողանում է եւ՛ բիզնեսով զբաղվել, եւ՛ ներդնել կրթական ծրագրեր՝ սեփական կադրեր պատրաստելու համար։ Ներդրումային արվեստանոցի գաղափարը շատ հետաքրքիր է ինձ` թե՛ որպես ընկերության տնօրեն, թե՛ որպես ներդրումային կազմակերպության ներկայացուցիչ»,- նշել է հանձնաժողովի անդամ, BigStoryVC համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

«Այս տարի ունեինք համեմատաբար ավելի մեծ դրամագլուխ, որը կարող էինք ինքներս տեղաբաշխել մեր ընկերություններում: Կարծում ենք, որ տեղի ներդրող կազմակերպություններին նույնպես կհետաքրքրի այդ ընկերությունների եւ մեր ներդրումների մասին լսելը, իսկ հետագայում գուցե նրանք առանձին դիմեն այդ ընկերություններին»,- նշել է «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը։

Նշենք, որ «Ինստիգեյթը» հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական եւ այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր եւ ինքնաբավ ընկերություններ են։