17:12 | 04.08.23 | Նորություններ | 1758

Հայկական Wirestock-ը կհամագործակցի vAIsual-ի հետ

Wirestock-ը հայտարարել է vAIsual-ի հետ համագործակցություն կնքելու եւ գործունեության նոր ուղղության մասին։

Ընկերությունը vAIsual-ի Dataset Shop հարթակի միջոցով ավելի քան 9 միլիոն վիզուալ ակտիվների հավաքածու կմատակարարի արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման ալգորիթմներ մշակող ընկերություններին:

vAIsual-ի Dataset Shop-ը վիզուալ մեդիայի խոշոր հարթակ է, որը հատուկ նախագծված է AI/ML ուսուցման նպատակների համար: Ըստ vAIsual-ի գործադիր տնօրեն Մայքլ Օսթերիդերի՝ համագործակցությունը կարեւոր քայլ է տվյալների հատուկ հավաքածուներ ստեղծելու համար՝ ուղղված էթիկորեն պատասխանատու AI մշակողների կարիքներին:

Wirestock-ի համար գործարքը հնարավորություն է ընձեռում մասնակցելու արագ աճող գեներատիվ AI-ի արդյունաբերությանը, ինչպես նաեւ եկամտի մեկ այլ ալիք ստեղծել վիզուալ բովանդակություն ստեղծողների համար:

 «Wirestock-ում մենք միշտ հավատացել ենք, որ մեր միլիոնավոր պատկերների եւ տեսանյութերի ստեղծողները պետք է արդարացի փոխհատուցում ստանան իրենց աշխատանքի դիմաց: VAIsual-ի հետ համագործակցությունը ոչ միայն թարմ եւ խոստումնալից միջոց է ապահովում մեր ներդրողների համար՝ դրամայնացնելու իրենց բովանդակությունը, այլեւ օգնում է առաջ մղել AI արդյունաբերությունը»,- նշել է Wirestock-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Միքայել Խաչատրյանը։

Wirestock-ն օգնում է վիզուալ բովանդակության հեղինակներին մոնետիզացնել լուսանկարները, գրաֆիկան եւ տեսանյութերը` ապահովելով հեղինակներին հասանելիություն դեպի խոշոր սթոք-հարթակներ, այդ թվում՝ Getty Images, Shutterstock, Adobe, Pond5, Envato, Freepik եւ այլն:

Ավելի վաղ հայտնել էինք ընկերության Formula VC-ից ներդրում ստանալու մասին։