11:20 | 12.07.23 | Նորություններ | 1860

ԱԲ եւ կրթություն սիմպոզիումը Թումոյում կհամախմբի միջազգային փորձագետների

Սեպտեմբերի 23-ին «Արհեստական բանականություն եւ կրթություն» սիմպոզիումը Թումոյում  կհամախմբի միջազգային փորձագետների՝ քննարկելու արհեստական բանականության ազդեցությունը դպրոցների, համալսարանների, ոչ ֆորմալ կրթության եւ EdTech-ի վրա:

Կքննարկվեն այնպիսի հիմնաքարային հարցեր, ինչպիսիք են` «Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունն օգնել ուսուցանողներին», «Ինչպիսի՞ փոփոխությունների պիտի ենթարկվեն կրթական մեթոդաբանությունները», «Ինչպե՞ս կարող ենք նախապատրաստել գալիք սերունդներին` աշխատանքային անորոշ ապագայի» եւ այլն:

Ոլորտի լավագույն մասնագետները կվարեն դասընթացներ եւ վարպետության դասեր գեներատիվ արհեստական բանականության նորագույն գործիքների եւ ռեսուրսների, ամենակարեւոր նոր տեխնոլոգիաների եւ տենդենցների, ինչպես նաեւ կրթության մեջ արհեստական բանականության կիրառման առաջատար օրինակների վերաբերյալ:

Սիմպոզիումը կհեռարձակվի ուղիղ եթերով` ներառելով մասնակիցներ օնլայն եւ օֆլայն հարթակներում: Պանելային քննարկումների բանախոսները ելույթ կունենան առցանց` միանալով աշխարհի տարբեր անկյուններից, իսկ կազմակերպիչները, մոդերատորներն ու դասընթացավարներն անձամբ կմասնակցեն կոնֆերանսին`Թումո կենտրոնում:

Սիմպոզիումի ծրագիրը նվիրված կլինեն հետեւյալ առանցքային թեմաներին՝

•    Խախտելով դասարանային կարգը. արհեստական բանականության կիրառումը ուսուցման եւ ուսումնառության մեջ;
•    Ադապտացնելով կրթությունը. արհեստական բանականության ազդեցությունը բարձրագույն կրթության եւ գիտության վրա;
•    Աշխատաշուկայի ապագան. ինչպես է արհեստական բանականությունը փոխում ապագայի հաստիքները;
•    Մեքենայական ուսուցում. արդյոք անհրաժեշտ է եւ ինչպես զարգացնել մեքենայական ուսուցման ու համակարգչային գիտությունների կրթությունը
•    Արհեստական բանականություն. գրագիտություն, էթիկա, արդարություն, սոցիալական խնդիրներ;
•    Ստեղծելով արհեսատականը. ուսանել եւ կիրառել դիզայն՝ արհեստական բանականության միջոցով։

Բանախոսներն են՝

•    Էմմա Բրանսքիլ, Ստենֆորդի համալսարանի արհեստական բանականության լաբ;
•    Ջոել Լիման, OpenAI;
•    Ալի Էսլամի, Google DeepMind;
•    Շոն Ջանսեպար, Khan Academy;
•    Սո Յոնգ Ռո, Art Center Nabi;
•    Ալեքսանդր Զուկ, NVIDIA;
•    Փեթ Յոնգպրադիտ, Code.org;
•    Չեն Քիուֆան, գիտաֆանտաստիկ գրող;
•    Ռիազ Շահ, EY;
•    Ուիլյամ Սուարթաութ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ստեղծարար տեխնոլոգիաների ինստիտուտ;
•    Ջեյքոբ Քլայն, գիտատեխնոլոգիական պրոդուկտի ղեկավար;
•    Էնթոնի Մադոքս, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Ռոսիեր դպրոց։

Մասնակցելու համար տեղ ամրագրել անհրաժեշտ է այստեղ։ Գրանցվելուց հետո ձեր էլ. հասցեներին կստանաք բանախոսների ամբողջական ցանկը, կոնֆերանսի օրակարգը եւ դասընթացներին ու վարպետության դասերին գրանցվելու հայտադիմումները: