11:01 | 09.06.23 | Նորություններ | 1596

Formula Vardenis-ը համախմբել է շուրջ 900 երիտասարդի

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանսը մի հարկի տակ է համախմբել շուրջ 900 երիտասարդի:

TCF ընկերությունների խումբն արդեն երրորդ տարին անընդմեջ իր ծննդյան օրը նշում է գիտելիքի ու փորձի վերադարձի ձեւաչափով՝ օգնելով մարզերի երիտասարդներին տեղեկանալ ամենաարդի մասնագիտությունների, օգտակար թվային գործիքների ու համացանցի շնորհած գլոբալ հնարավորությունների մասին։

«Կոնֆերանսի շրջանակում երիտասարդների հետ կիսվեցինք թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին արդի գիտելիքներով եւ կուտակված հարուստ փորձով։ Ելույթ ունեցան ինչպես TCF-ի առաջատար մասնագետները, այնպես էլ մեծ հաջողությունների հասած ընկերությունների հիմնադիրներ եւ իրենց ոլորտներում լուրջ ձեռքբերումներ ունեցող բարձրակարգ մասնագետներ»,- նշել է TCF ընկերությունների խմբի համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը։

Կոնֆերանսի կարեւոր մաս էին կազմում աշխատաժողովները, որոնց արդյունքում մասնակիցները տեղեկացել են աշխատաշուկայում արդյունավետ հանդես գալու հմտությունների կիրառության մասին։

Միջոցառման շրջանակում Վարդենիսի քաղաքային գրադարանում բացվել է TCF գրքասերների անկյունը։ Ժամանակակից կահավորմամբ այս անկյունը հագեցած է անձնային աճի, բիզնեսի ու մարքեթինգի մասին շուրջ 100 ամենաարդի գրքերով, ինչպես նաեւ էլեկտրոնային գրքերի ընթերցիչով (Kindle)՝ հասանելիություն ապահովելով համացանցում առկա հազարավոր գրքերի եւ TCF-ի էլեկտրոնային գրադարանին։

photo © TCF


«Մեր նպատակն է նպաստել մարզերի երիտասարդների շարունակական կրթությանն ու զարգացմանը, եւ այս գրքերը վստահաբար շատ դեռահասների ու երիտասարդների մտահորիզոնի ձեւավորման, երազելու, մեծ մտածելու կարողության զարգացման եւ մոտիվացիայի աղբյուր են հանդիսանալու»,- նշել է TCF ընկերությունների խմբի համահիմնադիր եւ տնօրեն Նարեկ Վարդանյանը։

Կոնֆերանսի ողջ ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունեցել խոսնակների հետ կիսվել իրենց բիզնես մտքերով, ստանալ օգտակար խորհուրդներ եւ սպառիչ պատասխաններ իրենց հուզող բոլոր հարցերին։ Կոնֆերանսն ամփոփվել է հետաքրքիր պանելային քննարկմամբ՝ միջազգային պրոդուկտների ու ծառայությունների ստեղծման գործում մարզերի ներուժի բացահայտման ու կիրառման դերի մասին։