Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) մեկնարկում է STRIVE Pre-U ծրագիրը՝ իր հայտնի STRIVE ծրագրի նմանությամբ:
Այս նոր ծրագրով, որը թիրախավորում է բացառապես ավագ դպրոցի աշակերտներին, EPIC–ը նպատակ ունի նրանց տրամադրել առաջին իրական փորձը համալսարանական միջավայրում՝ նախքան կյանքի հաջորդ փուլ մտնելը:
STRIVE Pre-U-ն 8-շաբաթյա խտացված ծրագիր է՝ հատուկ նախագծված ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների համար, որոնք պատրաստվում են ընդունվել համալսարան: Ծրագիրն աշակերտներին կծանոթացնի ձեռներեցության աշխարհին եւ որ ավելի կարեւոր է՝ ձեռնարկատիրական մտածելակերպին:
«Մենք ունեցել ենք մի քանի ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտ, որոնք բավականին մեծ հաջողությամբ մասնակցել են հիմնական STRIVE ծրագրին: Ահա թե ինչու մեզ մոտ միտք հղացավ կազմակերպել նոր ծրագիր՝ հետաքրքրված եւ բանիմաց աշակերտների համար, որոնք պատրաստվում են դիմել համալսարան»,- նշել է STRIVE ծրագրի ղեկավար Ալիսա Չալախյանը:
«Մեր նոր ծրագիրը ձգտելու է ամրապնդել մասնակիցների առաջնորդության հմտությունները, միջանձնային հատկությունները եւ հուզական ինտելեկտը՝ դրանով իսկ սերմեր ցանելով աճող ստեղծարար եւ քննադատական մտածողության համար՝ խնդիրները բացահայտելու եւ լուծելու ճանապարհին»,- ասել է Սոնա Մարտիրոսյանը, որը կղեկավարի STRIVE Pre-U ծրագիրը։
STRIVE Pre-U ծրագրի գրանցումն այժմ բաց է, իսկ դիմումները ընդունվում են մինչեւ մարտի 10-ը։ Բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։