15:05 | 11.10.22 | Նորություններ | 5782

Հայտնի են միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 17-րդ օլիմպիադայի հաղթողները

Հայաստանում հաջողությամբ անցկացվել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 17-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը։

Օլիմպիադայի նպատակներն են՝

•    խթանել միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը,
•    ստեղծել երիտասարդ մասնագետների համաշխարհային համայնք,
•    հասկանալ միկրոէլեկտրոնիկայի գիտելիքների մակարդակը եւ անհրաժեշտ ճշգրտումներ կատարել կրթական ծրագրերում,
•    բարձրացնել Հայաստանի տեսանելիությունն ու Հայաստանի մասին իրազեկումը՝ որպես միկրոէլեկտրոնիկայի առաջատար կենտրոն։

Օլիմպիադային մասնակցել է 12 երկիր ներկայացնող 307 մասնակից՝ Արգենտինայից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից եւ Ուկրաինայից:

Առաջին մրցանակակիր է դարձել արգենտինացի Իգնասիո դե Պեդրոն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է սերբ Վասիլիե Նոսովիչը։ Երրորդ երկու մրցանակը շնորհվել է՝ Ռոդրիգո դո Նասիմենտո Տոլեդոյին Բրազիլիայից եւ Արմեն Բաբայանին Հայաստանից։

Օլիմպիադան կազմակերպվել էր երկու փուլով: Եզրափակիչ փուլ դուրս եկած 12 երկրից 24 մասնակից պայքարել է գլխավոր մրցանակների համար՝ հաղթահարելով բարդ լուծումներ պահանջող ճարտարագիտական դժվարին առաջադրանքներ: Այդ 24 մասնակցից 11-ը Հայաստանից են, իսկ 13-ը` այլ երկրներից:

Օլիմպիադայի թեմաները ներառել են՝ «Թվային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում», «Անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում», «Կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիա» եւ «Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման մաթեմատիկական եւ ալգորիթմական խնդիրներ»:

Վիվա-ՄՏՍ-ը 17-րդ անգամ անընդմեջ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի գլխավոր գործընկերն է։

«Ժամանակակից քաղաքակրթությունը, մեզ ծառայող իր ենթակառուցվածքով, հենվում է միկրոէլեկտրոնիկայի ձեռքբերումների վրա: Ապագայում մեր կախվածությունը միկրոէլեկտրոնիկայից ավելի է ուժեղանալու: Վիվա-ՄՏՍ-ն ունի երկարաժամկետ զարգացման իր տեսլականը, եւ մենք աշխատում ենք ներդաշնակեցնել այն բոլոր շահառուների հետ, քանի որ E2E (End-to-End` համապարփակ) լուծումներ առաջարկող ընկերություն ենք: Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի զարգացումը կբերի կյանքի որակի բարելավման, մրցակցային առավելության, հայրենիքում մնալու, կայանալու, երեխաներ մեծացնելու, երկիրը շենացնելու հնարավորության»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006 թվականին՝ «Սինոփսիս Արմենիա»-յի նախաձեռնությամբ։ Հիմնական աջակիցներն են «Յունիքոմփ»-ը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Օլիմպիադայի հովանավորներից են ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը եւ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը։