12:52 | 06.09.22 | Նորություններ | 1644

ԳՏՏԿ-ն եւ NVIDIA-ն կիրականացնեն կրթական ծրագրեր

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, համագործակցելով  NVIDIA-ի հետ, սեպտեմբերից Երեւանում եւ մարզերում կազմակերպում է NVIDIA Deep Learning ինստիտուտի (DLI) հայտնի դասընթացները։

ԳՏՏԿ-ն ներդրել է NVIDIA DLI Teaching Kits կրթական ծրագիրը, որն ուսանողներին տրամադրում է անվճար հասանելիություն դասախոսություններին, պրակտիկ վարժություններին, GPU ամպային ռեսուրսներին:

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել NVIDIA-ի երկու հիմնական դասընթացին՝ Deep Learning Fundamentals եւ Fundamentals of Accelerated Computing with CUDA C/C++:

ԳՏՏԿ-ն կիսով չափ կվճարի բոլոր մասնակիցների ուսման վարձը: Կին մասնակիցները կստանան լրացուցիչ զեղչ, իսկ պատերազմի մասնակիցները ծրագրին կմասնակցեն անվճար:

Ծրագիրը հասանելի է Հայաստանի բուհերի այն ուսանողների համար, որոնք սովորում են համակարգչային գիտության կամ հարակից ուղղություններում եւ ցանկանում են բարելավել իրենց գիտելիքները Deep Learning Fundamentals եւ Fundamentals of Accelerated Computing with CUDA C/C++ ուղղությունում: Դասերին հնարավոր է մասնակցել ինչպես լսարանային ձեւաչափով, այնպես էլ առցանց։

NVIDIA DLI թեմաներից բացի, մասնակիցները կաշխատեն փոքր ծրագրերի վրա, որոնց հիման վրա կչափվի նրանց առաջադիմությունը: Դասընթացներից յուրաքանչյուրը կտեւի երեք ամիս, ավարտից հետո մասնակիցները կստանան հավաստագրեր:

«Հայաստանում առկա է տվյալագիտության եւ մեքենայական ուսուցման ուղղություններում տաղանդների մեծ բաց, իսկ կրթական շուկան հետ է մնում՝ համապարփակ ուսումնական նյութերի եւ փորձի հասանելիության բացակայության պատճառով: Այնպես որ, մեզ համար շատ կարեւոր է պատրաստել մասնագետներ, որոնք կարող են լուծել AI-ի ամենամեծ մարտահրավերները»,- նշել է ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

«DLI դասընթացները AI կրթության հասանելիությունը ընդլայնելու համար են: Նորագույն տեխնոլոգիաներին նվիրված օնլայն եւ օֆլայն սեմինարների միջոցով դասընթացները կարող են օգտակար լինել այնպիսի կազմակերպություններին, ինչպիսին է ԳՏՏԿ-ն՝ ուսումնական ծրագիրը հայ ուսանողների համար ընդլայնելու նպատակով»,- նշել է NVIDIA-ի Deep Learning ինստիտուտի տնօրեն Քրեյգ Քլաուսոնը:  

NVIDIA DLI ծրագիրը ստեղծվել է առաջատար ակադեմիական գործընկերների, հետազոտողների եւ պրոֆեսորների հետ համատեղ: Նրանց թվում են պրոֆեսոր Յան Լեկունը եւ նրա թիմը՝ Նյու Յորքի համալսարանից, Օքսֆորդի համալսարանը եւ Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտը: