13:50 | 18.08.22 | Նորություններ | 2673

Reddit-ը ծրագրում է հեշտացնել բոտերի ստեղծումը

Reddit-ն աշխատում է նոր պորտալի վրա, որը ծրագրավորողներին կտրամադրի անհրաժեշտ ռեսուրսներ բոտերի եւ երրորդ կողմի այլ գործիքներ ստեղծելու համար:

Reddit-ը հայտարարել է, որ ընդունում է օգտատերերի նախնական գրանցումներ իր մշակողների հարթակի բետա տարբերակի համար՝ թույլ տալով ծրագրավորողներին անվճար հյուրընկալել բոտերին եւ վերօգտագործել հավելվածները տարբեր համայնքներում:

Եթե Reddit-ի հաճախակի օգտատեր եք, կարող եք արդեն ծանոթ լինել պլատֆորմի մի քանի առավել հայտնի բոտին, ինչպիսիք են u/RemindMeBot-ը, որը սահմանված ժամին ծանուցում եւ հիշեցնում է որոշակի գրառման կամ մեկնաբանության մասին: Մեկ այլ բոտ տրամադրում է Վիքիպեդիայի էջերի ամփոփումներ, իսկ մեկ ուրիշը  հարթակի տեսանյութերը վերածում է ներբեռնման հղումների։

Ինչպես նշում է Reddit-ը, պլատֆորմի ծրագրավորողները ներկայում ունեն «սահմանափակ ռեսուրսներ եւ ժամանակավոր աջակցություն»: Reddit-ը ցանկանում է այս խնդիրը լուծել իր նոր հարթակի միջոցով եւ մշակողների համար հատուկ գործիքներ ստեղծել:

Reddit-ը նաեւ մոդերատորներին եւ օգտատերերին կտրամադրի երրորդ կողմի գործիքների ցանկ։ Ըստ TechCrunch-ի՝ ընկերությունը պլանավորում է հաջորդ տարի այդ հարթակը հասանելի դարձնել բոլոր ծրագրավորողների համար: