11:06 | 15.08.22 | Նորություններ | 1736
Oգոստոսի 12-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվել են Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ:
Այս տարի Երիտասարդության միջազգային օրվա խորագիրն էր՝ «Միջսերնդային համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ տարիքային բոլոր խմբերի համար», ինչը միջոցառման մասնակից էր դարձնել ոչ միայն ծրագրերի շահառու երիտասարդներին, այլեւ նրանց ծնողներին:
Միջոցառման ընթացքում կայացել են մի շարք ինտերակտիվ քննարկումներ եւ սեմինարներ: «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի դասընթացների մասնակից երիտասարդները ծրագրավորման ոլորտում ունեցած իրենց գիտելիքներով կիսվել են պատանիների հետ եւ սեմինարի ձեւաչափով անցկացրել վարպետության դաս, որի ընթացքում համատեղ մշակել են փոքր ծրագիր։
Վանաձորցի երիտասարդներին միջոցառման շրջանակում միացել էին նաեւ իրենց գյումրեցի հասակակիցները՝ այդպիսով օրն օգտագործելով որպես շփման, մտքերի փոխանակման եւ ժամանցի եւս մեկ հարթակ: Միջոցառումն ամփոփվել է համերգային ծրագրով:
Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախաձեռնությամբ։
Երիտասարդության օրվա գաղափարն առաջարկվել է 1991 թվականին՝ Վիեննայում ՄԱԿ-ի Համաշխարհային երիտասարդական ֆորումի առաջին նիստին հավաքված երիտասարդների կողմից, եւ ներկայում այն նշում են ողջ աշխարհում: