11:22 | 04.04.22 | Նորություններ | 2215

NFT արվեստը՝ Samsung-ի հեռուստացույցներում

Samsung-ը թվային արվեստն ավելի հասանելի է դարձնում հեռուստացույցների իր նոր շարքի միջոցով:

Ընկերությունը հայտնել է, որ NFT հարթակ Nifty Gateway-ի հետ համագործակցությունը թույլ կտա դիտել NFT-ներ, զբաղվել դրանց առքուվաճառքով այս տարվա պրեմիում մոդելների վրա:

Օգտատերերը կկարողանան իրենց խելացի հեռուստացույցով բացահայտել, ցուցադրել NFT նկարներ, գնել կամ վաճառել դրանք։ Նշվում է, որ Nifty Gateway ընկերության չափանիշներն ավելի խիստ են թվային արվեստի վաճառքով զբաղվող օգտատերերի համար՝ համեմատած OpenSea-ի NFT հարթակի հետ: Առքն ու վաճառքը կիրականացվի խիստ հսկողության ներքո՝ խարդախ գործողություններից և բազմակողմանի սպամից խուսափելու համար։

Ըստ The Verge-ի՝ հարավկորեական ընկերությունն օպտիմիզացրել և կարգավորել է իր սարքերը՝ պիքսելների ճշգրտությամբ բարձրորակ պատկեր փոխանցելու համար: Nifty Gateway-ի ինտեգրումը կլինի Samsung-ի Smart Hub-ի բաղկացուցիչ մաս, որը թույլ կտա դիտել NFT-ներ ֆոնային ռեժիմում նույնպես։

Nifty Gateway-ի ինտեգրման մանրամասները  ներկայացված են տեսանյութում՝



Samsung-ն այս հնարավորությունը ներկայումս մշակվում է ընկերության գրեթե բոլոր հեռուստատեսային գծերի համար, աստիճանաբար կավելանան նաեւ թոքենների հետ աշխատելու նոր գործառույթներ։