12:20 | 24.03.22 | Նորություններ | 2263

MetaGait՝ քայլքի իմիտացիա վիրտուալ աշխարհում

«ՔայլՏեք» հայկական ընկերությունը նոր պրոդուկտ է ներկայացնում՝ VR տեխնոլոգիայով MetaGait շարժունակության վերականգնման նորարարական լուծումը:

Սա ընկերության նախորդ պրոդուկտներից «Քայլաբեր» սարքի կատարելագործված տեսակն է: Բացի անշարժունակ անձի համար քայլքի իմիտացիա ստեղծելու գործառույթից, այն նաեւ ստեղծում է VR միջավայր, որտեղ շահառուները կկարողանան խաղալ տարատեսակ խաղեր՝ վիրտուալ տիրույթում շարժվելու հնարավորությամբ:

VR միջավայրում նախատեսված խաղերից են ֆուտբոլը, դահուկը, հոկեյը, թենիսը եւ առհասարակ քայլքի ֆունկցիա ու կանգնած դիրք պահանջող գործառույթները, օրինակ՝ զբոսանք վիրտուալ անտառում:

MetaGait-ը նախատեսված է ուղղահայաց դիրքում կոմպլեքս վերականգնողական վարժություններ կատարելու համար: Այն կարելի է հեշտությամբ օգտագործել տանը, ինչը կարեւոր է շատ բուժառուների համար, քանի որ այս կերպ կանխվում կամ մեղմվում են հաշմանդամության հետ զուգահեռ զարգացող ավելի քան 30 հիվանդություններ:



Ռեաբիլիտացիա անցնող տարբեր մարդկանց հետ աշխատանքի արդյունքում «ՔայլՏեք»-ի մասնագետներն առանձնացրել են այն անձանց ցանկը, որոնց այս սարքը անհրաժեշտ է հնարավորինս շուտ ունենալ՝ նրանց առողջությունը վտանգի տակ չդնելու համար։

photo © ՔայլՏեք


Ցանկում 87 հոգի է՝ այդ թվում նաեւ պատերազմից վիրավորում ստացած տղաներ: Ապագա շահառուներին, ընդհանուր առմամբ, պետք է 35 սարք։ 20 սարք տրամադրվում է անհատապես 20 հոգու, 5 հատը՝ երեխաների խնամքի 4 կենտրոնի, 10 հատն էլ՝ Արցախի վերականգնողական կենտրոնին։

Մի սարքի արտադրության համար անհրաժեշտ է շուրջ 2 մլն դրամ, 35 սարքի համար՝ 75 մլն դրամ` ներառյալ տեղափոխման ծախսերը:

Ծրագիրը կյանքի կոչելու համար ReArmenia-ի հարթակում մեկնարկել է դրամահավաք, որին աջակցել կարող եք գումար նվիրաբերելով այստեղ:

Միանալով այս նախագծին՝ դուք միաժամանակ կնպաստեք երկու խնդրի լուծման՝ վիրավոր զինվորների առողջության պահպանմանն ու վերականգնմանը, ինչպես նաեւ Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը:

Գայանե Ենոքյան