17:59 | 09.12.21 | Նորություններ | 2998

ՏՏ ընկերություններում աշխատակիցներին բաժնետեր դարձնելու գործիքն ավելի դյուրին է դարձել

Հայաստանում մեծ տեմպերով զարգացող եւ մրցունակ ճյուղերից մեկի՝ առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններում աշխատակիցներ պահպանման եւ մոտիվացիայի խնդիրն այսօր ամենաարդիականներից է: Ոլորտի ներկայացուցիչները կարծում են՝ աշխատակիցների բաժնետիրացումը, որը Հայաստանում ավելի դյուրին է դարձել, կնպաստի խնդրի լուծմանը:

BDO ընկերության հայաստանյան գրասենյակը դեկտեմբերի 8-ին կազմակերպել էր համագումար եւ պանելային քննարկումներ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տաղանդներին խրախուսելու եւ գնահատելու թեմայի վերաբերյալ:

Համագումարի նպատակն էր «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում վերջին փոփոխություններով պայմանավորված աշխատողների բաժնետիրացման ծրագրի (ԱԲԾ) կիրառման ներկայացումը, մարտահրավերների վերհանումը եւ ծրագրի առավել արդյունավետ ներդրման պրակտիկան՝ պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, քաղաքականություն մշակողներին, համաշխարհային փորձագետներին մասնակցությամբ:

photo © Մեդիամաքս


Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, BDO Armenia-ի կառավարող գործընկեր Վահագն Սահակյանը, BDO ԱՄՆ գրասենյակի գործընկերները, որոնք ներկայացրել են ԱԲԾ-ի դերը տաղանդների խրախուսման եւ գնահատման գործում։

Համագումարի նպատակի մասին առավել մանրամասն Itel.am-ը զրուցել է BDO Armenia ընկերության խորհրդատվական ծառայությունների ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանի հետ:

«Համագումարը կազմակերպվել է աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի կիրառման աշխարհի փորձը ներկայացնելու, ինչպես նաեւ քննարկումների միջոցով վեր հանելու այն խոչընդոտները, որոնց կարող են հանդիպել հայաստանյան ընկերությունները»,- ասել է նա:

photo © Մեդիամաքս


Ալեքսանդր Շաղիկյանը նշել է, որ աշխատակիցների բաժնետիրացման գործիքը հիմնականում կիրառվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերություններում, թեպետ աշխարհում այլ ոլորտներում եւս այն լայն տարածում է գտել:

«Համաժողովի նպատակն է հատկապես բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների մասնակցությամբ քննարկել հնարավորությունները, դժվարությունները, առավելությունները՝ աշխատակիցների բաժնետիրացման գործիքը Հայաստանում կիրառելու համար»,- ասել է BDO Armenia ընկերության խորհրդատվական ծառայությունների ղեկավարը:

Նա նկատել է, որ օրենսդրական փոփոխությունների միջոցով հայաստանյան բորսայում ընկերությունների աշխատակիցների բաժնետիրացման հնարավորությունը լավ լուր է ՏՏ ընկերությունների համար. «Այսինքն՝ Հայաստանում արդեն նաեւ օրենսդրությունն է խրախուսում եւ հնարավոր դարձնում իրականացնել աշխատակիցների բաժնետիրացում»:

Ալեքսանդր Շաղիկյանի խոսքով՝ BDO Armenia-ն Հայաստանում գրանցված ընկերություններում արդեն մի քանի նմանատիպ ծրագիր իրականցրել է.

photo © Մեդիամաքս


«ՏՏ ընկերություններից ստացել ենք տարբեր հարցադրումներ եւ որոշում կայացվեց նման միջոցառում կազմակերպել, որպեսզի բոլոր հետաքրքրված կողմերը հնարավորություն ունենան քննարկում անցկացնելու եւ ավելի պարզ ընկալում ստանալու աշխատակիցների բաժնետիրացման գործիքի կիրառման արդյունավետության եւ առավելությունների մասին»:

BDO Armenia ընկերության խորհրդատվական ծառայությունների ղեկավարի դիտարկմամբ՝ խոչընդոտների ու դժվարությունների պատճառը ճիշտ էկոհամակարգի բացակայությունն է:

«Կրթականից մինչեւ իրավական եւ հարկային համակարգի ճիշտ համակցությունը միայն կարող է բարենպաստ դաշտ ստեղծել, որպեսզի ընկերություններում աշխատակիցների բաժնետիրացումն իրացվի»,- ասել է նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատակիցներին բաժնետեր դարձնելու հնարավորությամբ խրախուսելը ընդունված է աշխարհում եւ Հայաստանում եւս այն պետք է դառնա ստանդարտ: Հակառակ դեպքում, ըստ նախարարի, ընկերությունները շատ խոցելի են դառնում տաղանդերի արտահոսքի առումով:

Վահան Քերոբյանը Վահան Քերոբյանը
photo © Մեդիամաքս


«Կառավարությունը պետք է ստեղծի այսպիսի միջավայր, որ տաղանդավոր մարդկանց ներգրավի եւ այսպիսի գործիքներով շահագրգռի Հայաստանում պահելու համար: Գործնականում իմ ստեղծած ընկերությունում եւս բախվել եմ խոչընդոտներին, որոնք կապված են աշխատակիցներին բաժնետոմսեր տրամադրելու հետ. կան թե հարկային, թե իրավաբանական խոչընդոտներ, որոնք հնարավորություն չեն տալիս այս գործիքն անկաշկանդ օգտագործել: Այս տարի կառավարությունն օրենսդրական փոփոխությունների առումով որոշակի քայլեր արդեն արել է, բայց սա երկար ճանապարհի դեռ առաջին քայլն է»,- նշել է Վահան Քերոբյանը:

photo © Մեդիամաքս


Հարցին, թե Հայաստանում քանի նման ընկերություն կա, որոնք կարող են ներկայում ավելի դյուրին կիրառել այս բաժնետիրացման գործիքը՝ նախարարը առանձնացրել է Picsart Armenia-ն, Krisp-ը, CodeSignal Armenia-ն, Sololearn Armenia-ն, իսկ Հայաստանում մեծ ներկայացուցչություն ունեցող, հայկական ծագմամբ ընկերություններից՝ Service Titan-ը, Disqo-ն, Sada Sistems-ը:

«Այս ընկերություններում հանրագումարում մոտ 2 հազար մարդ է աշխատում: Սրանք հենց այն ընկերություններն են, որոնք աճող են եւ կարող են բաժնետոմսերի տրամադրմամբ շահագրգռել ոչ միայն հայաստանյան ինժեներներին, այլեւ ոչ հայ մասնագետների ներգրավել արտերկրից եւ Հայաստանը դարձնել լուրջ էկոհամակարգ ունեցող երկիր»,- ասել է Վահան Քերոբյանը:

Նա հայտնել է նաեւ, որ առաջին անգամ այս տարի բարձր տեխնոլոգիական ոլորտում աշխատողների թիվը գերազանցել է 15 հազարը:

«Բի-Դի-Օ Արմենիա ՓԲԸ-ն» հանդիսանում է «Բի-Դի-Օ» Գլոբալ ցանցի անդամ, որն հանդիսանում է մասնագիտական ծառայություններ մատուցող  խոշորագույն ընկերություններից մեկն աշխարհում:

Ներկայումս «Բի-Դի-Օ»-ն Հայաստանում մատուցում է հետեւյալ ծառայությունները՝
•    Աուդիտորական ծառայություններ,
•    Հաշվապահական ծառայություններ,  
•    Իրավաբանական ծառայություններ,  
•    Հարկային խորհրդատվություն,
•    Բիզնես-խորհրդատվական ծառայություններ:

Արփի Ջիլավյան

Լուսանկարեները՝ Էմին Արիստակեսյանի