17:05 | 08.11.21 | Նորություններ | 7895

ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գրասենյակը «անհնարին» գաղափարներ է փնտրում

FAST հիմնադրամի նախաձեռնությամբ մեկշաբաթյա այցով Հայաստանում է ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությունը:

Գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզն այսօր Երեւանում ներկայացրել է ֆինանսավորման հնարավորությունները, որոնցից հայ գիտնականները կարող են օգտվել առաջադեմ հետազոտությունների իրականացման համար:   

«Մենք փնտրում ենք գաղափարներ, որոնց գուցե ոչ ոք չի հավատում, որոնք առաջին հայացքից անհնարին ու չափից դուրս անիրատեսական են թվում»,- ասել է նա:

Պատրիկ Ռոուզը Պատրիկ Ռոուզը
photo © FAST


«Մենք հրավիրում ենք հայ գիտնականներին ներկայացնելու իրենց ամենատարօրինակ թվացող գաղափարներն ու գիտական հետազոտությունները։ Աշխատելու ենք անմիջապես  գիտնականների հետ՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ ռեսուրսներ են պետք գաղափարները կյանքի կոչելու համար», - ավելացրել է
Պատրիկ Ռոուզը:

ԱՄՆ-ի ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակը (ONRG) եւ Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնը (ITC) ԱՄՆ ռազմածովային նավատորմի եւ ԱՄՆ բանակի միջազգային դրամաշնորհային ֆինանսավորման ծրագրերն են, որի շրջանակում յուրաքանչյուր տարի կազմակերպվում է շուրջ 200 այց՝ ավելի քան 47 երկրներում։ Այցերի նպատակն է որոնել հեռանկարային գիտական հետազոտություններ, տեխնոլոգիաների ոլորտում նորարար ու հեղափոխական գաղափարներ եւ ստարտափերի, աջակցման ու ֆինանսավորման տարբեր մեխանիզմների միջոցով խթանել այդ ծրագրերի զարգացումը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա կատարել ֆունդամենտալ հետազոտություններ, գեներացնել գաղափարներ, որոնք կունենան հետազոտական արդյունք եւ կվերածվեն կոնկրետ պրոդուկտների:

FAST-ի Խորհրդատուների խորհրդի (Board of advisors) նախագահ, միկրոկենսաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը, ում հետազոտական թիմը հնարավորություն է ունեցել օգտվելու դրամաշնորհային ծրագրից, նշել է.

«Մեր հետազոտական թիմի առաջադրանքն էր գտնել վերամշակման արդյունավետ ռեսուրսներ։ Մասնավորապես՝ հետազոտությունն իրականացրել ենք գինու արտադրության ոլորոտում, պարզելու, թե ինչպես է հնարավոր հետագայում առաջացող թափոններն ամբողջությամբ վերամշակել։ Հետազոտական աշխատանքն ինքնին բարդ ու երկարատեւ է, եւ առանց ֆինանսական ու նյութատեխնիկական ռեսուրսների որակյալ աշխատանք ստանալ հնարավոր չէ։ Ուստի՝ նմանատիպ ծրագրերը շատ կարեւոր են ու նաեւ լավ հնարավորություն՝ գիտահետազոտական աշխատանքներն ու գաղափարները կյանքի կոչելու համար»։

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15:30-ին եւ նոյեմբերի 11-ին՝ ժամը  15:00-ին FAST հիմնադրամում նախատեսվում են բաց հանդիպումներ երիտասարդ գիտնականների, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների եւ ստարթափերի հետ։